Home / Հայաստան / Վարդգես Գասպարին ոստիկանության մասին իր կարծիքը չի փոխել․ նրանից 1 միլիոն են պահանջում

Վարդգես Գասպարին ոստիկանության մասին իր կարծիքը չի փոխել․ նրանից 1 միլիոն են պահանջում

Ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիից 1 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում արժանապատվությունը վիրավորելու համար։ Պատճառը Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության և կոնկրետ Դեմիրխանյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են։ Մասնավորապես, Դեմիրխանյանը վիրավորվել է, երբ դատարանում Գասպարին ասել է, թե ոստիկանության ներկայացուցիչն «ավելի անարժանապատիվ է, քան լճի ափին կանգնող կանայք»:

Միջադեպը տեղի է ունեցել Վարչական դատարանում, որտեղ քննվում էր ոստիկանության հայցը Գասպարիի դեմ, որով ակտիվիստից 50 հազար դրամ են պահանջում «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար:

Ակտիվիստը դատարանում էլ վերահաստատել էր իր կարծիքը ոստիկանության մասին և հայտարարություն արել նաև Դեմիրխանյանի մասին։

Գասպարին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանների արժանապատվությունը վիրավորում են հենց իրենք՝ ոստիկանները՝ անօրեն հրահանգներ կատարելով:

1 միլիոն դրամ փոխհատուցման պահանջով գործն ընդունվել է վարույթ, առաջին դատական նիստը կկայանա մարտի 17-ին:

Նշենք, որ Գասպարիի դեմ կայացրած ևս մեկ վարչական որոշում կա 30.000 դրամ բռնագանձելու մասին՝ «Հարսնաքարի» մոտ կայացած ակցիայի ընթացքում երթևեկությունը խոչընդոտելու համար:

Ակտիվիստի խոսքով՝ իր դեմ ոստիկանությունն այլ գործեր էլ է հարուցել՝ պահանջելով դրամական փոխհատուցում։ Գասպարին Epress.am-ին ասել է, որ շարունակում է մնալ ոստիկանության մասին ունեցած իր կարծիքին: