Թիվ 139 դպրոցում՝ ռազմագիտության առարկայի ժամանակ, ուսուցիչ մայոր Գրիգորյանի կողմից ծեծի է ենթարկվել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Այս մասին վերջինս գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր օրս սկսվեց լավ, ամենինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է, բայց․․․․Պատմեմ, թե ինչպես է պատմությունը սկսվել», – գրել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ երկու շաբաթ առաջ, դասի ժամանակ, մայոր Գրիգորյանը սկսել է անձնական վիրավորանքներ հասցնել իրեն:
«Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք, ու չենք լինի, և լավ է, որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ։ Նա նաև ասում էր, որ մեր ֆիդայինները զոհվել են ապարդյուն, որ ռուսը մեր «պապան է», մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող», – ասված է գրառման մեջ։
Ըստ Հարությունյանի՝ երբ ինքն առարկել է, մայոր Գրիգորյանն ասել է, որ հոգեկան խանգարումներ ունի։
«Խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ՝ Հայաստանը պետք է անկախ լինի, և, Ռուսաստանի լծի տակ չլինելով, Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասաց՝ «դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ», իսկ ես ասեցի՝ ավելի լավ է հիվանդ լինեմ, քան ձեր նման ստրուկ: Ասացի ու հեռացա: Հաջորդ դասին` այսօր, հիմնը երգելու ժամանակ, բոլոր աշակերտները ծիծաղում էին, այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ, և ստացվեց, որ չկարողացա տիրապետել ու սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ՝ ասելով, որ ես ոչխար եմ, անարժան եմ և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի՝ մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել» – գրել է Հարությունյանը:
Ըստ նրա՝ Գրիգորյանը կրկին վիրավորել է իրեն, իսկ տղան խնդրել է չվիրավորել:
«Ասաց՝ հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ, թե՞ գնանք տնօրենի մոտ: Ասացի՝ չեք կարա ծեծեք ինձ, ասեց՝ գնում ենք տնօրենի մոտ, ու գնացինք: Տնօրենը ժողովի էր, պետք է դասի վերջում գնայինք: Վերադարձանք դասարան և կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Խնդրեցի, այնուհետև պահանջեցի, որ չվիրավորի: Երդվեցի, եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի, ես կխփեմ իրեն: Ու ինքը, այդ իմանալով հանդերձ, վիրավորեց ինձ: Մոտեցա, որ խփեմ, հասկացա, որ չի կարելի խփել, փոխարենը ասեցի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ, ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի, սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ՝ ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն»,- նշել է Հարությունյանը և ավելացրել, որ գրառումը վաղը առավոտյան հանձնելու է տնօրենին: