Քաղաքի մեծ մասում չկա գազ, էլէներգիան հաճախակի անջատվում է, խմելու ջուրը սառչել է, դպրոցներում դասերը դադարեցվել են, հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, ծննդատներում ցուրտ է, հացի մատակարարման ընդհատումներ են արձանագրվել։ Այսպես է նկարագրում Վանաձորում ստեղծված իրավիճակը «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Վանաձորցիները թերթի թղթակցին պատմել են, որ փետրվարի 3-ին քաղաքի մի մասը սնուցող գազի խողովակի պայթյունից հետո սկսել են բնակարանները տաքացնել էլէներգիայով, սակայն դրա պատճառով ցանցի վրա մեծ բեռ է ընկել, և շուտով էներգամատակարարումն է դադարել։ Էլէներգիայի մատակարարման ընդհատումների պատճառով շուտով դադարել է նաև ջրամատակարարումը։ Բնակիչներն անասելի ջանքեր թափելուց հետո հաջողացնում են իրենց տներում ապահովել ընդամենը 10-12 աստիճան տաքություն։
Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Խնդիր է նաև ցուրտ եղանակը՝ գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։
Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։ Մարդիկ խուճապահար սկսել են դատարկել նաև խանութները։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ իշխանությունները որևէ քայլ առ այսօր չեն իրականացրել գոնե հիվանդանոցների համար ջեռուցում կազմակերպելու ուղղությամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում