Հարցազրույց ստամբուլցի լրագրող Արիս Նալջիի հետ
Թուրքիայի քրդերը տարակարծիք են Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանի քաղաքական դերի հարցում։ Դժգոհությունը քրդերի շրջանում սկսեց հրապարակավ արտահայտվել 2013-ին՝ ցմահ բանտարկված Օջալանի զինված պայքարից հրաժարվելու կոչից հետո։ Մեր զրուցակցի կարծիքով, սակայն, մեկուսացված գործչի ոչ բոլոր հայտարություններն են համահունչ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումներին։
Հայերի անհանգստությունն ու տարակուսանքն էր առաջացրել «Քուրդիստանի համայնքների միության» (PKK-ի այսօրվա անվանումը) համանախագահ Բեսե Հոզաթի կողմից հրապարակված Օջալանի հայտարարությունն առ այն, որ հայկական, հունական և հրեական արտասահմանյան կազմակերպությունները կարող են վնաս հասցնել քուրդ-թուրքական հարաբերություններին։ Մասնավորապես, հայկական լոբբին, ըստ Օջալանի, ակտիվացրել է իր «վնասակար» գործունեությունը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ։
Անցած շաբաթ հրապարակվեց Քրդական բանվորական կուսակցության առաջնորդի հերթական ուղերձը, որը պետք է շտկեր նախորդից առաջացած բացասական արձագանքը՝ հատկապես հայերի շրջանում։
Մեկուսացված գործչի երկրորդ հայտարարությունը հետևյալն էր․ «Քուրդ ժողովրդի կողմից ազատության համար տարվող պայքարը և հայ ժողովրդի վշտի քավությունը համընկել են այս երկրում նույն իրավունքները կիսող քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար մղվող պայքարում»։
Նա նշել է, որ 20-րդ դարի սկզբին հայերի դեմ «ցեղասպանության ծրագիր» է իրականացվել.
«Պայքարի շնորհիվ հայերին հրաշքով հաջողվեց ոտքի կանգնել, իսկ PKK-ն պայքարում է ոչ միայն քուրդ, այլ նաև հայ և տարածաշրջանի մնացած բնիկ ժողովուրդների ազատության համար»։
Epress.am-ի հետ զրույցում Արիս Նալջին նշում է, որ թուրքական իրականությունում Հայկական հարցի կարևորությունը 3-րդական, 4-րդական և նույնիսկ 10-րդական տեղում է։ Նա նաև կրկնել է Հրանտ Դինքի կարծիքն այն մասին, որ Հայկական խնդիրը չի կարող լուծվել առանց Քրդական հարցի լուծման։
Մանրամասները տեսանյութում
Լուսանկարը՝ thetimes.co.uk