Որոտանի ջրամբարներն առանց ԱԺ-ում քննարկելու վաճառելու համար Կառավարությունը գնացել է բառախաղի. այդ ջրամբարներին տվել են «գույք» անունը, որպեսզի ձևակերպեն, թե «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն իր գույքն է վաճառել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նկատել է, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադառնալով՝ նախարարներ Հրայր Թովմասյանը և Արմեն Մովսիսյանը հակասական պատասխաններ են տվել. առաջինն ասել է, որ գործարքը կատարել է ՓԲԸ-ն, երկրորդը` որ Կառավարությունը նպատակահարմար է գտել վաճառել ջրամբարները: Մանուկյանը կառավարության ներկայացուցիչներին խորհուրդ է տվել նախապես համաձայնեցնել` ինչ են ասելու ԱԺ-ում:
Արամ Մանուկյանը նաև ԱԺ-ում հայերեն լեզվի ճիշտ կիրառման հետ կապված խորհուրդներ է տվել պատգամավորներին՝ հորդորելով միմյանց չդիմել ռուսերեն հայրանուններով, օրինակ` «Ռոբերտ Նիկոլաևիչ» ասելու փոխարեն ասել «պարոն Նազարյան»:
Մանուկյանն իր գործընկերներին հորդորել է նաև «նախագա»-ի փոխարեն ասել «նախագահ», «վերաբերվում է»-ի փոխարեն` «վերաբերում է», «գույքերի» փոխարեն` «գույք», «հրավերքների» փոխարեն՝ «հրավերներ»: Ըստ Արամ Մանուկյանի` լեզվի հարցը պետականության հարց է: