Կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում մոտ 7000 հաստիքներ են կրճատվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արարատի մարզի դպրոցներից մեկի տնօրենը, ով չի ցանկացել ներկայանալ:
Տնօրենի խոսքով՝ իրենց մարզում հարցով զբաղվելու համար ստեղծվել է հանձնաժողով։ Հանձնաժողովը որոշել է, որ այն դպրոցներին, որտեղ աշակերտների թիվը գերազանցում է 300-ը, թույլ է տրվելու, որպեսզի կրճատվող հաստիքները պահպանվեն կես դրույքով: Իսկ ավելի քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում կրճատվելու են կազմակերպչի, տնտեսավարի, գործավարի հաստիքները: Կրճատվելու է նաև տեխնիկական աշխատողների կեսը, օրինակ, մեր զրուցակցի դպրոցում 6 հավաքարարներից 3-ը զրկվել են աշխատանքից։
Տնօրենն ասել է, որ, կառավարության նույն որոշմամբ, հուլիսի 1-ից բարձրանալու է հանրակրթության ոլորտում դեռ աշխատանք ունեցողների աշխատավարձը:
«Երբ մենք բողոքեցինք մարզպետարանում, ասեցինք` ինչպե՞ս մարդկանց հեռացնենք, ինչպե՞ս են ապրելու, մեզ ասեցին` դե երեխաների թիվը քչացել է ձեր դպրոցներում, գյուղերում, մանկավարժներին պահելը, աշխատավարձ տալը անիմաստ է»,- պատմել է մեր զրուցակիցը։