Home / Հայաստան / «Պետք լինի՝ 10 թուրք կբերեմ»․ Գերեվարված Խոջոյանի որդին հորը վերադարձնելու ելքեր է փնտրում

«Պետք լինի՝ 10 թուրք կբերեմ»․ Գերեվարված Խոջոյանի որդին հորը վերադարձնելու ելքեր է փնտրում

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գերի ընկած բնակիչ Մամիկոն Խոջոյանն ունի 6 երեխա ու 20 թոռ ու ծոռ: Երեք տարի առաջ ընկել է, ինչի հետևանքով հոգեկան որոշակի շեղումներ է ձեռք բերել: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է նրա որդին՝ Հայկազ Խոջոյանը։

Որդին նշել է, որ ելքեր է որոնում հորը Հայաստան բերելու համար:

«Ես պատերազմի վետերան եմ, բոլոր ընկերներով կարող ենք գնալ երկու թուրք բերել, պետք է՝ տասը թուրք կբերեմ: Եթե մեկ շաբաթ է՝ իմ հորը ես չեմ կարողանում բերել, ո՞նց կարող եմ լինել, գիշերները չեմ քնում, վատ եմ, ահավոր վիճակում ենք»,- ասել է նա:

Հայկազ Խոջոյանը պատմել է, որ հայրը խաղողագործությամբ է զբաղվում, այդ օրն էլ խաղողի դաշտ է գնացել՝ դույլը ձեռքին, դույլը ձեռքին էլ հատել է սահմանը: «Խելքը տեղը չի, երկու պոստ է անցել՝ թուրքինն էլ, մերն էլ»,- ասել է որդին:

Հայկազ Խոջոյանը նշել է, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից իր ազատամարտիկ ընկերները նույնպես միջամտել են, որ կարողանան հետ բերել հորը․ «Այսօր ես ո՞նց կարող եմ հանգիստ լինել, երբ ծնողս գերի է: Երեք տուփ ծխախոտ եմ ծխում և 22 բաժակ սուրճ խմում»։

Որդին պատմել է, որ սա հոր անհետանալու առաջին դեպքը չէ: Մի քանի տարի առաջ վերջինիս տարել է Ռուսաստան, այնտեղ էլ է կորել. «Ստիպված վեր կացանք եկանք, ես իրեն էստեղ պահում էի: Այդ օրն էլ տանը չեմ եղել, ինքը վեր է կացել գնա խաղող քաղելու: Ուղեղը չի աշխատում, մենք շատ ենք տանջվել, սաղին խառնել ենք իրար, «Կարմիր խաչ»-ին ենք դիմել: Հիմա պատրաստ ենք գնալ, տասը թուրք բերել, սեղմել, ամեն ինչ անենք, ես սպասում եմ քայլերի, ես իմ քայլերը անելու եմ, սաղ կռված տղաներ ենք ընկերներով»: