Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինական Մայդանը շատ կարևոր օրինակ է բոլոր հետխորհրդային երկրների համար ու կարող է ձախողել Ռուսաստանի նեոկայսերական ձգտումները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևյան պատրիարքության առաջնորդ պատրիարք Ֆիլարեթի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքով՝ ներկայումս Ուկրաինան գտնվում է ամբողջ աշխարհի ու, հատկապես, նախկին խորհրդային պետությունների ուշադրության կենտրոնում:
«Սա անկախության համար մեր ընդհանուր պայքարն է: Մեր հասարակությունների ապագայի համար… Ուկրաինան մեծ երկիր է, իսկ Վրաստանը՝ փոքր: Մեզ համար Ուկրաինայի օրինակը շատ կարևոր է»,- հայտարարել է նա:
«[Ուկրաինայում տեղի ունեցողը] մեծապես ազդում է բոլոր երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի ու անգամ Ռուսաստանի ընդհանուր ապագայի վրա»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև կարծում է, որ ուկրաինական հեղափոխությունը կարող է արագացնել Ռուսաստանի կայսերական նկրտումների վախճանը:
«Կգա ժամանակ, ու պատմաբանները կգրեն, որ Ռուսական կայսրությունը դադարեցրեց իր գոյությունը Մայդանի ժամանակ: Ու այդպես էլ կլինի: Ժողովուրդն անպայման հաղթելու է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԾ-ն արգելել է Սաակաշվիլիի մուտքը երկիր՝ Եվրամայդանին մասնակցության ու դրա առաջնորդների հետ ակտիվ շփման պատճառով: