Home / Տեսանյութեր / «Նաիրիտ»-ի աշխատողները բողոքել են նախագահականի մոտ․ նրանց պահանջների մասին կզեկուցեն Սերժ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նաիրիտ»-ի աշխատողները բողոքել են նախագահականի մոտ․ նրանց պահանջների մասին կզեկուցեն Սերժ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր բողոքի երթով կառավարության շենքից հասել են Բաղրամյան 26 և պահանջել են կոնկրետ ժամանակահատվածում հստակեցնել 15 ամսվա չվճարած աշխատավարձերի, գործարանի վերագործարկվելու ու իրենց հետագա ճակատագրին վերաբերող հարցերը։

Մինչև նախագահական բարձրանալը հարկադիր պարապուրդի մեջ գտնվող նաիրիտցիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ, որտեղ պնդել են, որ իրենց հարցը անձամբ պետք է լուծի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ավելի ուշ բողոքող աշխատակիցներին հանդիպել է Էներգետիկայի և պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և խոստացել է մինչև փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում վճարել մեկ ամսվա աշխատավարձը։

Նաիրիտցիներին նաև տեղեկացվել է, որ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է «Ռոսնեֆթ» ընկերությունից, որը կարող է ձեռք բերել գործարանը և որի հետ բանակցությունները շարունակվում են։ Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչները ՀՀ կառավարության հետ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, սակայն «Նաիրիտի» ճակատագիրը դեռևս հստակեցված չէ:

Կառավարության պատասխանից դժգոհ գործարանի աշխատակիցներին ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնում խոստացել են, որ ներկայացված պահանջների մասին Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո նրանց անմիջապես տեղյակ կպահեն։

Tekali Taxi