Ադրբեջանի՝ Ուկրաինային 1 միլիարդ մանաթ (մոտ 1 մլդ եվրո) տրամադրելու օգուտն այն է, որ իր ինքնիշխանությունն ու եվրոպական կողմնորոշումը պաշտպանող Ուկրաինայի հաղթանակն օգուտ է նաև Ադրբեջանին, իսկ պարտության դեպքում երկիրը կանդամագրվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված Մաքսային միությանը, ինչը ձեռնտու չէ Բաքվին։ Ադրբեջանական minval.az գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն։
Նրա խոսքով՝ եվրաինտեգրման գործում Ուկրաինայի պարտությունը կհանգեցնի Ռուսական կայսրության ուժեղացման, որն այնուհետև կձգտի ավելիին, մասնավորապես, կփորձի իր կազմ վերադարձնել Վրաստանն ու Ադրբեջանը։
Քաղաքագետը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից Ուկրաինային միջոցներ տրամադրելը շատ դրական փաստ է։
«Մյուս կողմից, սակայն, դրա հետ կապված մեզ մոտ անպայման շահարկումներ կլինեն՝ «իսկ ինչո՞ւ Ադրբեջանն այդ միլիարդը չի օգտագործում իր սեփական բնակչության բազմաթիվ կարիքների համար»։ Նման կարծիքները կտարածվեն Ադրբեջանի տարածքում գործող ռուսական ԶԼՄ-ների ու հատուկ ծառայությունների կողմից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող Ռուսաստանի հետ միավորվել մեկ լծի տակ։ Ի վերջո, դա սպառնում է անկախության ամբողջական կորստով։ Առաջին հերթին, անկախությունը կկորցնի հենց իշխանությունը, որը Ռուսաստանին այլևս հարկավոր չի լինի։ Ռուսաստանին պետք կլինի մեկ այլ իշխանություն՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում գոյություն ունեցող իշխանությունների նման»,- նշել է Գուլուզադեն։