Home / Տեսանյութեր / Հայաստանի ապագայով մտահոգը պետք է ռուսամետ լինի․ Վարդան Օսկանյան

Հայաստանի ապագայով մտահոգը պետք է ռուսամետ լինի․ Վարդան Օսկանյան

Չի կարող լինել մարդ, որ մտահոգ է Հայաստանի ապագայով և չլինի ռուսամետ: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 7-րդ համագումարից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու խնդրին:

Ըստ նրա՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը խիստ մտահոգիչ կետեր ունի, օրինակ, այն, որ, ՄՄ-ին միանալով, Հայաստանը պետք է վերանայի շատ երկրների հետ հարաբերությունները, որը կառուցել է 23 տարիների ընթացքում:

«Բայց եկեք չխառնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները Մաքսային միության հետ: Մենք ուղղակի հայտնվել ենք այն վիճակում, որ ստիպված են նույնացնել ՌԴ-ն ու ՄՄ-ն», – ասել է Օսկանյանը։

Լրագրողներից մեկն Օսկանյանին հարցրել է՝ արդյոք ԲՀԿ-ն որոշել է դառնալ ընդդիմություն, թե շարունակում է մնալ այլընտրանք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանում:

«ԲՀԿ-ն այդ կատեգորիաներով չի գնահատում քաղաքական ներկապնակի գույները: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն իր գործունեությամբ ապացուցում է՝ ինչ է անում: Ինչպես Գագիկ Ծառուկյանն ասաց, երկիրը ծանր վիճակում է: Մեր նպատակն է լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն և այդ լուծումների շուրջ համախմբել այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են այդ խնդիրները լուծել: Մենք այս համագումարով նոր փուլ ենք թևակոխում, դա պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև խորհրդարանական 4 ուժերի համագործակցությամբ: Այն, ինչ հիմա ասվում է, դա ժողովրդի խնդիրներից է գալիս, դա սոսկ քննադատություն չէ», – ասել է ԲՀԿ-ականը՝ հավելելով, որ ոչ կոալիցիոն 4 ուժերի համագործակցության արդյուքնները կերևան մոտակա 4 ամիսների ընթացքում:

«Ինչո՞ւ չեք պահանջում Սերժ Սարգսյանի» հրաժարականը հարցին՝ Օսկանյանը պատասխանել է, թե օրակարգում այժմ Կառավարության հրաժարականի հարցն է:

«Սակայն ոչինչ չենք բացառում, մենք գիտենք ովքեր են երկրի պատասխանատուները», – ասել է Օսկանյանը:

Նշենք, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդրամագրվել է 2012 թվականին և կուսակցության համամասնական ցուցակով անցել է խորհրդարան։ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնի է եղել որպես արևմտամետ գործիչ։

2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` խոսելով իշխանությունների դիրքորոշման մասին:

2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլի դրդապատճառները` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:

«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել է Օսկանյանը:

Իր ասուլիսի ժամանակ, նա մասնավորապես, հայտարարել էր, որ «գնդակը Լևոն Տեր-Պետրոսյանի» դաշտում է և «9 թեկնածուներից միայն ինքն է որ ձեռք չի մեկնում» Սերժ Սարգսյանի համագործակցության կոչից հետո։

Tekali Taxi