Շուրջ տասը օր է Գորիսի բժշկական կենտրոնում բուժում են ստանում ժամկետային զինծառայողներ. հիմնական նշանն է՝ բարձր տենդ (մեծ մասը՝ 39-40 աստիճան ջերմությամբ), տեղեկացնում է asparez.am կայքը: Բոլոր զինծառողների մոտ հայտնաբերվել է բրոնխիտ, մի քանիսի մոտ թոքաբորբ, մյուսների մոտ՝ վերին շնչուղիների ինֆեկցիաներ: Նրանք, ովքեր համեմատաբար ավելի բարդացված վիճակում են եղել, տեղափոխվել են հոսպիտալ:
Անցած օրերի ընթացքում զինվորների հիմնական մասը ստացել է անհրաժեշտ բուժում և ապաքինվելուց հետո դուրս է գրվել: Բուժման տևողությունը կազմել է ութ օր: Սակայն փետրվարի 13-ի դրությամբ դեռ չի դադարել նոր զինվորների ընդունումը:
Բժշկական կենտրոնից «Ասպարեզ»-ին հայտնել են, որ ընդհանուր առմամբ իրենք ընդունել են շուրջ հարյուր հիվանդ զինծառայողի՝ տարբեր զորամասերից: Զինծառայողներն էլ նշել են, որ իրենք հիմնականում Գորիսի ու Կուբաթլուի զորամասերից են:
Բժիշկները միանշանակ չեն կարող ասել, թե որն է հիվանդության ու դրա տարածման պատճառը, միայն ասել են, որ ընդհանուր վիրուս է, նաև ցուրտ ձմեռն է նպաստել, հետո էլ՝ փակ տարածություններում ինֆեկցիան ավելի արագ է տարածվում:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ