Ոչ իշխանական ուժերն անդրադարձել են Սերժ Սարգսյանի՝ շաբաթ օրը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արած հայտարարությանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ Սարգսյանը կրկին դրական էր արտահայտվել բողոքի ցույցերի առիթ դարձած վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների մասին։
«Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է …որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք», – ասել է Սարգսյանը։
Ինչպես նշում է «Ազատություն»-ը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ ուղղորդել է Սահմանադրական դատարանին։ Նա հասկացրել է, որ համակարգը ներդրվելու է, ու իր համար էական չէ, թե ընդդիմախոսներն ինչ են ասում, կարծում է Սաֆարյանը։
«Ես Հայաստանը չեմ համարի այնպիսի մի երկիր, որտեղ Սահմանադրական դատարանի համար առաջնային լինի ոչ թե նախագահի խոսքը, հայտարարությունը կամ կարծիքը, այլ օրենքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ բացահայտ ուղղորդել է ՍԴ-ին կամ ավելի ստույգ հանրությանը ասել է, թե ինչ է լինելու»,- ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը։
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշել է, թե ճիշտ կլիներ, որ Սարգսյանը չանդրադառնար այդ հարցին։
«Նախագահին սխալ են ներկայացրել այդ օրենքը։ Նա չպետք է նման կտրուկ հայտարարություններ անի, առավել ևս, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, և ինքն էլ նշում է, որ, միգուցե, օրենքում կան անհաջող, անհարթ իրավաբանական ձևակերպումներ»,- ասել է դաշնակցական պատգամավորը։
Մինասյանը ուշադրություն է հրավիրել հեռուստատեսությամբ օրենքի վերաբերյալ հանրության շրջանում դրական տպավորություն ստեղծող հաղորդումների, այդ մասին դրական արտահայտվող պաշտոնյաների պահվածքի վրա՝ նկատելով, որ նրանք դրանով անպատասխանատվության մթնոլորտ են ստեղծում, քանի որ «աղավաղումներով են ներկայացնում համակարգը»։
Պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրմանը ընդդիմացող «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամների համար Սերժ Սարգսյանի դիրքորոշումը նորություն չէր։ Այն ևս մեկ անգամ փաստել է, որ Սարգսյանը փորձում է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, նկատել է ակտիվիստ Դավիթ Մանուկյանը։
«Ես դա կարող եմ նաև գնահատել այսպես՝ «ոչ բոլորդ սխալ եք, չեք հասկանում, մենք խելացի ենք և մենք ձեզ կպարտադրենք այս լավ բանը»»,- ասել է Մանուկյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ