Home / Տեսանյութեր / Ինչպես է Սերժ Սարգսյանը խեղաթյուրել փաստերը, բացատրել է Բագրատյանը

Ինչպես է Սերժ Սարգսյանը խեղաթյուրել փաստերը, բացատրել է Բագրատյանը

«Երկրապահ» կամավորական միության 10-րդ համագումարի իր խոսքում Սերժ Սարգսյանը չարաշահում էր թվերն ու փաստերը՝ կապակցելով մակերեսային, փաստերի առաջին կարգի առնչություննները։ Այս մասին, անդրադառնալով ելույթի տնտեսական հատվածին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Հաճախ նա, թվում էր, գետնին էր գամում իր ընդդիմախոսներին։ Բայց այստեղ նա օգտագործում էր տիգրանսարգսյանական մի հնարք. նա փոքր-ինչ խեղաթյուրում էր այն, ինչ ասում են ընդդիմախոսները (մեջբերում անելով վերջիններիս կողմից չասված կամ էլ լավագույն դեպքում մի ծայրահեղականի կողմից ասված կարծիք) և հետո այդ չասված միտքը մի լավ քլնգում էր։ Մեծ հաշվով, նախագահը, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր։

Հարց տրվեց 2013թ. խոստացած տնտեսական աճը (7%) չպահպանելու պատճառների, կենսամակարդակի մասին։ Նախագահի պատասխանն այսպիսին էր. այս տարվա (2013թ) երկրորդ կիսամյակին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են։ Իբրև փաստ նա մեջբերեց ՌԴ տնտեսական աճի տեմպի դանդաղումը տարվա կտրվածքով (1.4%), երբ տարեսկզբին կանխատեսվում էր 4, ավելի ուշ 3.4% աճ։ Նշեց նաև, որ ԵՄ տնտեսական աճն էլ վատն էր տարեվերջին (0-ին մոտ)։ Եվ ասաց, որ մեր 3.5% աճն այնքան էլ վատ չէ։

Ի՞նչ ենք սրան պարտավոր ասել։ Նախ, սա Տիգրան Սարգսյանի միտքն է, որ իբր թե համաշխարհային տնտեսության դանդաղեցման պատճառով մեր աճն էլ է դանդաղում։ Եվ սա սուտ է։ 2013-ին աշխարհի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս (վերջնական թիվը չկա, բայց պարզ է, որ այն 2.9-3.1%-ի արանքում է)։ Պարոն նախագահ, սա վերջին 15 տարիներին (1998-2013) 7-8-րդ ցուցանիշն է։ Այն պարզապես պատմության մեջ կմնա լավ տարիներից մեկը։ Ինչո՞ւ եք հատկապես հիշում ՌԴ-ին։ ԱՄՆ տնտեսությունը կանխատեսված 2 տոկոսի փոխարեն աճել է 2.9%, Չինաստանինը՝ 7.4-ի փոխարեն 7.7%։ ԵՄ տնտեսությունն էլ, ի դեպ, 2013-ի 4-րդ եռամսյակին դուրս է եկել ռեցեսիայից (անկումից)։ Ադրբեջանի տնտեսությունն աճել է 5.5%։ Վրաստանի թվերը դեռ չկան։ Դուք հասկանում եք, որ մեր ախոյանն Ադբեջանն է։ Այդ 3.5% էլ բլեֆ է։ Նայեք, այն ստացվել է 2013-ի դեկտեմբերին ֆանտաստիկ աճեր նկարելով գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում։ 2013 դեկտեմբերին 2012-ի համեմատ գյուղատնտեսության աճ են ցույց տվել 16.4%։ Էտ ցրտին։ Տարվա ընթացքում արտադրվել է 660.5 հազ տ կարտոֆիլ (մեկ շնչին` 228 կգ), 875.9 հազ տ բանջարեղեն (1 շնչին 302 կգ), 548.8 հազ տ հացահատիկ և հատիկաընդեղեն, 338 հազ տ պտուղ, 241 հազ տ խաղող, 208 հազ տ բոստան։ Խիղճն էլ լավ բան է, չ՞է։ Եթե գումարում ենք, ստացվում է, որ Հայաստանում 2013թ բնակչության մեկ շնչի հաշվով համարյա թե արտադրվել է 1000 կգ (1տ) բուսաբուծական արտադրանք», – նշում է Բագրատյանը։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ Սերժ Սարգսյանն իր առաջին ժամկետում (2008-2012թթ) խոստացել էր կրկնապատկել ՀՆԱ-ն։

«Դուք 6 տարում (2008-2013թթ) տնտեսությունն աճեցրել եք 8.8%-ով։ Այսինքն 6 տարում եք արել այն, ինչ պիտի անեիք 1 տարում։ Խոսք էիք տվել 5 տարում կրկնապատկել մարդկանց եկամուտները։ Մինչդեռ 6 տարում աղքատությունը 23%-ից հասավ 35%-ի, գործազրկությունը՝ 16.4%-ից՝ 18.5%-ի։ Պատասխանելով հարցին՝ նշում եք, որ 2008-2013թթ գներն աճել են 40%-ով, իսկ աշխատավարձը 60%-ով։ Վա՞տ է, հարցնում եք։ Հա վատ է, շատ վատ։ Նախևառաջ, 2008-2013թթ գներն աճել են 42.6%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱԱ)՝ 60.4%-ով։ Աճը 17.8% է՝ խոստացված 100-ի փոխարեն։ Չխոստանայիք», – նշում է Բագրատյանը։

Երկրորդ կետով անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգին՝ Բագրատյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն ասել էր՝ 80 տոկոսը դեմ է, բայց այդ 80 տոկոսը չի գիտակցում իր շահը։

«Մի 20 տարով մի 5% փող է՝ թող տան էլի, ասում եք, կբազմապատկենք։ Դուք տեղյակ եք՝ ի՞նչ է ասում ընդդիմությունն այս կապակցությամբ։ Ծանո՞թ եք 2009-2010թթ ընդդիմության հրապարակած ծրագրերին։ Ոչ, իհարկե ծանոթ չեք։ Նայեք, ասում եք երկրին երկար փող է պետք։ Նշում եք 20 տարի թիվը։ Բայց մեր դեպքում 45 տարի է։ Հասկանո՞ւմ եք։ Այդ կառավարիչները, նախ, մեր երկար փողի կեսը դուրս են տանելու և ապա անելու են լավագույն դեպքում 10 տարվա ներդրում։ Տեսեք փողի կեսն այստեղ է մնալու, չէ՞։ Իսկ մեզ մոտ 45 տարվա ներդրման գործիք կա՞։ Չկա։ 10 և ոչ ավել։ Հիմա, բա ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Արտասահմանում էլ 45 տարվա ներդրման գործիք չկա։ Հիմա հասկանում եք վեճի էությունը։ Եթե ներդրման գործիքները 10 տարեկան են, ապա ինչո՞ւ 10 տարին մեկ մարդկանց փողը չվերադարձնենք։ Մի հատ խորացեք էլի ընդդիմության ասածի մեջ», – նշել է նախկին վարչապետը։