«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, լրագրող-հետախույզ Հադիջա Իսմայլովան դատակոչվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն՝ որպես վկա։
Ինչպես հայտնում է Contact.az կայքը, փետրվարի 18-ին լրագրողին զանգահարել է վարչության ներկայացուցիչն ու հայտնել, որ Իսմայլովայի՝ նախօրեին «Ֆեյսբուք» սոցցանում տարածած նյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանի ՔՕ 284-րդ հոդվածով (պետական գաղտնիքի հրապարակում)։
Իսմայլովան հրապարակել է ԱԱՆ աշխատակցի՝ 2011 թվականին գրված երկտողը նախարարության ղեկավարությանը, որում նշված է ընդդիմության ակտիվիստի կաշառելու մասին, ով 600 մանաթ վարձատրության դիմաց պատրաստ է հատուկ ծառայություններին տեղեկատվություն տրամադրել ընդդիմության ներքին գործունեության մասին ու պառակտել դրա շարքերը։ Իսմայլովան ներկայացրել է փաստաթղթի սկանավորված տարբերակը՝ նախապես ջնջելով գործարքի մասնակիցների անունները։
Contact.az-ը նշում է, որ եթե փաստաթուղթն իրական է, ապա այն վկայում է հատուկ ծառայությունների՝ քաղաքական հետախուզության շրջանակներում անօրինական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև ընդդիմության պառակտված գործունեության մասին։
Ավելի վաղ, գլխավոր դատախազության ներկայացուցիչը հաստատել էր այս գործով հետաքննության փաստը՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթի հրապարակման կապակցությամբ։
Իսմայլովան հայտնել է, որ դատախազություն կգնա միայն պաշտոնական ծանուցագիր ստանալու դեպքում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ավելի վաղ դատախազությունը չի հետաքննել իր դեմ անօրինական գործողությունները, իր անձնական կյանքին միջամտությունն ու սպառնալիքները։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի ընտանիքի խոշոր բիզնեսի մասին Իսմայլովայի կողմից ձեռք բերված ապացույցներից հետո, նրա հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել, իսկ 2012 թվականին համացանցում տարածվել է թաքնված տեսախցիկի միջոցով նկարահանված ինտիմ բնույթի տեսահոլովակ՝ նրա մասնակցությամբ։