Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ակտիվիստ Կարո Եղնուկյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր իր դեմ հանցագործություն կատարողի նկատմամբ հետապնդումը կասեցնելու մասին ոստիկանության որոշումը չեղյալ համարել։
Դատարանի անելիքը, ըստ Եղնուկյանի, նախօրոք որոշված էր և կանխատեսելի, թեև դատավորը ժամանակ է խնդրել խորհրդակցական սենյակ գնալու համար:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում էր Եղնուկյանի ավտոմեքենայի անվադողերը վնասելուն: Եղնուկյանը պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է եղել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկայի» դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու հետ։
Ոստիկանությունը հայտնել էր, որ հայտնաբերել է՝ ով է մեղավորը (անունը չի նշվել), նա խոստովանել էր մեղքը՝ նշելով, որ հարբած է եղել վնասելու ժամանակ, սակայն գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ոստիկանությունը 1000 դոլար արժողությամբ չորս անվադողերի վնասը գնահատել է մոտ 30 հազար դրամ:
Եղնուկյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը պատրաստվում է որոշումը բողոքարել Վերաքննիչ դատարանում: