Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները խորը մտահոգությունն են հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած և 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն ընդունվել է ԱԳ ՔՀՖ ՀԱՊ-ի փետրվարի 8-ին կայացած համաժողովում։ Նշենք, որ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավարն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Երկրում ընթացող տարբեր քաղաքացիական շարժումների կողմից նախաձեռնված ազատ հավաքների, բողոքի ցույցերի, երթերի մասնակիցների եւ ակտիվիստների նկատմամբ Հայաստանի ոստիկանության կողմից դրսեւորվող ապօրինություններն ուղեկցվում են բռնություններով, չեն բացահայտվում ակտիվիստներին բռնության ենթարկած անհայտ անձինք: Այս ամենը նպատակ է հետապնդում ահաբեկել իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած ակտիվիստներին», – նշում են հայտարարության հեղինակները:
ՔՀՖ ՀԱՊ-ը, մասնավորապես, հիշատակում է մայիսի 9-ից Ազատության հրապարակում ակցիա անցկացնող պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեպքը, ով 2013թ. սեպտեմբերի 20-ին ձերբակալվեց` մեղադրվելով ՔՕ 178-րդ (խարդախություն) հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: ՀՀ ԱԺ-ի կողմից 2013թ. հոկտեմբերի 3-ին համաներում հայտարարելուց հետո քննչական մարմինը հապճեպորեն նոր մեղադրանք առաջադրեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ` ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Խարդախություն կաշառք ստանալու պատրվակով): Սրանով նախաքննական մարմինը խափանեց համաներման կիրառման պարագայում Ավետիսյանի ազատ արձակումը և կալանքը երկարացրեց՝ շարունակելով նրան պահել անազատության մեջ:
Հայտարարությունում նշվում է նաև, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունն ուժով ցրեց խաղաղ հավաքը` բռնություններ գործադրելով ակտիվիստների նկատմամբ։ Կատարվեցին նոր ձերբակալություններ, որոնց թվում էր նաև «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, ով ոստիկանության բաժին տեղափոխելիս մեքենայի մեջ ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, սակայն դատախազությունը նշել է, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Կիվիրյանին ոստիկանության ավտոմեքենայով ոստիկանության բաժին տանելիս վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել է ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածք, ինչի հիման վրա Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել): Ավելի ուշ Ա.Կիվիրյանին նաև նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն)։
Որպես քաղաքական հետապնդումների օրինակ հիշատակվում է նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով մի խումբ համակիրների հետ 2013թ. հոկտեմբերի 31-ից նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում` բողոքելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Նոյեմբերի 5-ին` «Անոնիմուսներ» շարժման միջազգային օրը, Շանթ Հարությունյանը կազմակերպել էր «Անոնիմուսներ» դիմակներով երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իր խոսքով` հեղափոխություն կատարելու համար:
Հայտարարության հեղինակները նշում են, որ երթի մասնակիցների և ոստիկանների ընդհարումը սկսվել է անհայտ մարդկանց սադրիչ գործողությունների արդյունքում, տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն, և 14 անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր ՀՀ ՔՕ 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:
«Վերոնշյալ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, իսկ իրենց՝ թվով 16 անձանց` քաղաքական բանտարկյալներ և հալածյալներ», – ասված է հայտարարության մեջ:
ՔՀՖ ՀԱՊ-ն ընդգծում է նաև, որ ոստիկանությունը դատական հայցեր է ներկայացրել մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստների դեմ, ովքեր բողոքի խաղաղ ցույցերի էին դուրս եկել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ իշխանություններից պահանջելով առուծախի առարկա չդարձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Ցուցարարների դեմ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց՝ անօրինական կերպով սահմանափակելով խոսքի, ազատ արտահայտման, երթերի, հավաքների և ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքները, ձերբակալելով և ոստիկանական բաժիններ տանելով ավելի քան 110 հոգու, որոնց նկատմամբ վարչական տուգանքներ նշանակվեցին:
«Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ դեկտեմբերի 2-ի ցույցի մասնակիցներն առանց որևէ օրինազանցության օգտվել են իրենց սահմանադրական իրավունքներից, անցկացրել են խաղաղ ցույցեր եւ երթեր, մինչդեռ ոստիկանները Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, Ամիրյան փողոցում եւ Սախարովի անվան հրապարակում ապօրինաբար փակել են ճանապարհները և խոչընդոտել են քաղաքացիների իրավունքների իրացումը:
Ընդսմին, ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ հետ վերցնել խաղաղ ցուցարարների դեմ դատարաններ ուղարկած հայցերը և մեկընդմիշտ հրաժարվել այս կամ այլ կերպ քաղաքացիներին ահաբեկելու պրակտիկայից: Ոստիկանությանը կոչ ենք անում ազատ քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործիք չդառնալ, ազատ արձակել կալանավորված` վերոհիշալ բոլոր քաղաքացիներին, կարճել նրանց նկատմամբ հանիրավի հարուցված քրեական գործերի քննությունը և դադարեցնել քաղաքական հետապնդումները:
Հայաստանի իշխանություններից պահանջում ենք սթափվել, գիտակցել երկրի համար օրհասական այս պահը և չխաթարել մեր պետության հեղինակությունն ու ապագայի տեսլականը:
Այս ամենի լույսի ներքո, հասարակությանը կոչ ենք անում չընկրկել իշխանությունների հակաժողովրդական գործողությունների առջև, գոտեպնդվել և պայքարել սեփական իրավունքների ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ապագայի համար», – եզրափակում է հայտարարությունը: