Home / Հայաստան / Դատարանը մասնակի բավարարել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդի հայցը

Դատարանը մասնակի բավարարել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդի հայցը

ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանի, նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի հայցը, այն է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2013 թվականի մարտի 27-ին կազմված վարչական ակտը ճանաչել անվավեր։ Ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասերով հայցը մերժվել է, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանին 2013 թ. մարտի 15-ին ՃՈ աշխատակիցները անօրինական կարգով տեղափոխել էին ՃՈ, իսկ նրա վարած մեքենան՝ տուգանային հրապարակ: Պետրոսյանին մի քանի ժամ պահել էին ճանապարհային ոստիկանությունում, պատճառաբանությամբ, թե նա խախտում է կատարել, իսկ ավելի ստույգ՝ հոծ գիծ է հատել: Արմեն Պետրոսյանն անօրինական կարգով զրկվել էր ազատությունից, որի ընթացքում խախտվել էին նրա ազատ տեղաշարժի, անձնական ազատության և անձեռմխելիության իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թ. նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, ՃՈ աշխատակիցների Պետրոսյանին բերման ենթարկելու նախորդ օրը «ԳԱԼԱ» հեռուսաընկերության աշխատակիցները, որոնց թվում էր նաև Պետրոսյանը, լուսաբանել էին հօգուտ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպված ստորագրահավաքը:

«Այս ամենը հիմքեր է տալիս կասկածելու, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդի ազատազրկումը կապված էր հետընտրական գործընթացների հետ», – նշում են հայտարարության հեղինակները: