Home / Տեսանյութեր / «Երբ իշխանությունը գործադուլ է անում». ԱԷԿ-ի աշխատակիցները ՄԻՊ-ին խնդրում են միջամտել

«Երբ իշխանությունը գործադուլ է անում». ԱԷԿ-ի աշխատակիցները ՄԻՊ-ին խնդրում են միջամտել

Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր Մարդու  իրավունքների պաշտպանի  գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք խնդրել են օմբուդսմենին միջամտել և պահանջել, որպեսզի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանեն օրենքից։ Աշխատակիցներն իրենց պահանջը նամակով ներկայացրել են օմբուդսմենի գրասենյակ:

Ակցիայի ընթացքում բողոքողները բարձրացրել են «Դեմ եմ» գրությամբ  պաստառները և վանկարկել են «Մենք ստրուկ չենք»: Լրագրողների հետ զրույցում նրանք պնդել են, որ ատոմակայանի շուրջ 1800 աշխատակիցների 99 տոկոսը կողմ է իրենց ակցիային։

«Հունվարի պահումներն արդեն արվել են, իսկ մենք դեմ ենք, որ մեր աշխատավարձերը գնան կուտակային ֆոնդեր», – հայտարարել է ատոմակայանի աշխատակից, առաջատար ճարտարագետ  Ցոլակ Մկրտչյանը։

demem

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ զրույցում ակցիայի մասնակիցների ներկայացուցիչները բացատրել են, թե ինչու են բողոքի ակցիա անցկացնում օմբուդսմենի գրասենյակի մոտ:

«Պարզ երևում է, որ Սահմանադրական դատարանի վրա մեր երկրի ղեկավարները ճնշումներ են կատարել և' հրապարակավ, և' կուլիսներում։ Դուք մի կաշկանդվեք, մենք գիտենք, որ ձեր լծակները շատ քիչ են, և, քաջ գիտակցելով, որ իշխանությունները հաշվի չեն առնում ձեր դիտողությունները, եկել ենք ձեր մոտ։ Մենք վստահ ենք, որ մեր իշխանությունը տարիներ շարունակ փաստացի գործադուլ է անում, մեր իշխանությունը չի կատարում իր ֆունկցիաները: Այսինքն՝ այն պարագայում, երբ իշխանությունը  գործադուլ է անում, մենք, որպես ատոմակայանի աշխատողներ, իրավունք ունենք աշխատել առնվազն մեր  իշխանությունների պես», – պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ զրույցում ասել է ԱԷԿ-ի աշխատակից  Գարիկ  Զարգարյանը։

Ատոմակայանցիներից  մեկն էլ ընդգծել է, որ իրենք աշխատում են հատուկ վնասակար պայմաններում և, որևէ արտոնություն մյուսների նկատմամբ չունենալով, անիմաստ են համարել կուտակային հիմնադրամներ մուծումներ կատարել, քանի որ ոչ մի երաշխիք չունեն, թե առոջությունը թույլ կտա օգտվել թոշակից։

Հետագա ծրագրերի մասին ատոմակայանի աշխատակիցները գերադասել են լռել: Նրանք, այնուամենայնիվ, հայտարարել են, որ ակցիաները գործադուլի չեն վերածվի, քանի որ ատոմակայանը պետք է աշխատի, իսկ իրենց որոշումները կկայացնեն պաշտպանի պատասխանը ստանալուց հետո։