Գարեգին Նժդեհ փողոցի վրա հրուշակեղենի խանութ ունեցող գործարար Արտակ Տոնապետյանը, հնարավոր է, ստիպված լինի փակել իր փոքր բիզնեսը՝ ՊԵԿ-ի անօրեն տույժերի պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տոնապետյանը խոսել է իր դեմ հարկայինի վարած քաղաքականության հակաօրինականության մասին:
«Փոքր բիզնեսին երկիրը չի օգնում, գոնե չխանգարի»,- ասել է նա:
Ըստ բանախոսի՝ Շենգավիթի հարկայինի տեսուչ Արմեն Քեքեջյանը մտել է խանութ, վաճառողին ասել, թե իբր հարկայինից ուղարկված կնոջը 550 դրամի ապրանք է վաճառել, սակայն ՀԴՄ կտրոն չի տվել: Այսպես՝ ՊԵԿ-ը որոշել է 300.000 դրամ տուգանել խանութը:
«Ի դեպ, որոշման մեջ նշված է, որ մեր աշխատողը ՀԴՄ կտրոն չի տվել հարկային տեսուչ Հովիկ Ազարյանին, ոչ թե ինչ-որ կնոջ: Մենք պահանջել ենք բացատրել՝ ի՞նչ եղավ այդ իբր ուղարկված կինը, ի՞նչ ապրանք է գնվել, որ կտրոն չենք տվել: Գանգատարկման հանձնաժողովը մեր բողոքը ևս մերժել է՝ առանց հիմնավորման: Մենք դիմելու ենք դատարան: Մենք չենք թողնելու հեռանալու այս երկրից, այլ հասնելու ենք արդարության»,- ասել է Տոնապետյանը:
Մասնագիտությամբ իրավաբան գործարարը պատմել է, որ սա առաջին անհիմն տուգանքը չէ ընդամենը 5 ամիս գործող իր փոքր բիզնեսի դեմ:
«Մեզ մեկ անգամ էլ 150 հազար դրամ են տուգանել, բայց այն ժամանակ ես ներկա չեմ եղել տուգանման գործընթացին, մտածեցի՝ կմուծենք, ու այսուհետ ավելի ուշադիր կլինենք: Բայց այս անգամն ակնհայտ խախտում է»,- ասել է Տոնապետյանը:
Նրա խոսքով՝ սա ապացուցում է, որ պետական քաղաքականությունը ոչ միայն չի օգնում փոքր բիզնեսի զարգացմանը, այլև խանգարում է: Գործարարը խորհուրդ է տվել գնալ Նժդեհի փողոց և տեսնել, որ բոլոր փոքր խանութների վրա փակցված է պաստառ՝ «տարածքը հանձնվում է վարձակալության» գրությամբ: