Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր են գրանցվել: Տարածած հայտարարության մեջ նախաձեռնությունը նշում է, որ ցանկանում է այդ իրողության վրա հրավիրել «իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունը»։
«Հայտարարում ենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:
Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ», – նշում են նախաձեռնության անդամները: