Վրաստանի խորհրդարանը տևական քննարկումներից հետո մարտի 6-ի երեկոյան Ուկրաինայում զարգացող իրադարձությունների վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այն առաջարկվել է «Վրացական երազանք» կուսակցության կողմից, հայտնում է newsgeorgia.ru-ն։
Բանաձևի օգտին խորհրդարանում քվեարկել է 74 պատգամավոր․ փոքրամասնությունը՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները, քվեարկությանը չի մասնակցել։ Նրանք քվեարկության են ներկայացրել բանաձևի իրենց տարբերակը, որը հավաքել է 27 ձայն։
«Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին» բանաձևում Վրաստանի խորհրդարանը Ռուսաստանի գործողությունները գնահատում է որպես ագրեսիվ՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ։ Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձությունները համեմատվում են 2008 թվականին Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հետ։ «Այսօր Ուկրաինային նույնն է սպառնում»,- ասված է բանաձևում։
Վրաստանի խորհրդարանը կառավարությանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ ու, անհրաժեշտության դեպքում, հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին։