Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրվող Հարություն Սարգսյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է asparez.am-ը, երեկ Գյումրու դատարանում վճիռն ընթերցել է դատավոր Մարտին Սարոյանը, սակայն վճռի հրապարակման պահին կողմերից և ոչ մեկը ներկա չի եղել։ Մասնավորապես, Երևանից Գյումրի չէր տեղափոխվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով տևական ժամանակ գտնվում է հացադուլի մեջ: Դահլիճում ներկա են եղել միայն Հարություն Սարգսյանի հարազատները։
Ըստ մեղադրանքի՝ ի օգուտ պետբյուջեի Սարգսյանից գանձվելու է նաև մոտ 760000 դրամ։
Մեղադրանքի հրապարակմանն անմիջապես արձագանքել է Սարգսյանի քույրը՝ Մելանյա Սարգսյանը, ով բղավել է՝ «ամոթ», «կաշառված, կատարածու», «ով չգիտե, թե ով է», «պատվիրատուներիցդ վախեցի»:
Ի պատասխան՝ դատավորը պահանջել է հեռացնել նրան դատարանի դահլիճից, բայց դա այդպես էլ չի արվել։
Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ևս, արդեն միջանցքում՝ Հարությունի հարազատները չեն դադարել դատավորի հասցեին մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
Հարությունի մորեղբայրն էլ, իր հերթին, անհամաձայնություն հայտնելով դատական գործընթացի ու վճռի վերաբերյալ, ասել է, թե սկզբում զենքի հոդված էին դրել, հետո հանեցին, զենք չկար: Ապա խանդի հող են ասում, բայց աղջիկն ու տղան իրար չեն ճանաչում. «Ահա ինչպես են դատում»:
«Ես սրանցից գլուխ չհանեցի 2 տարվա ընթացքում, ընդհանրապես չկողմնորոշվա, թե ինչ եղավ, պատվեր է»,- նշել է Հարությունի հայրը՝ Սամվել Սարգսյանը՝ ավելացնելով, որ վճիռը պարտադիր բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր 2012-ի ապրիլի 12-ին՝ իր իսկ նշանադրության օրը, իսկ դատարանում գործը քննվում էր 2013-ի հունվարից: Դատական նիստերից մեկից հետո Սամվել Սարգսյանը ծեծի էր ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից։ Նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը պատմել էր՝ ինչպես են իրեն ծեծի ենթարկել ոստիկանությունում։
Լուսանկարը՝ Asparez.am