«Մանանա գրեյն» կազմակերպության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից գումարի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանը և Էդգար Կարաքեշիշյանը չեն ընդունում իրենց մեղքը։
Երեկ գործի քննությունը շարունակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Ըստ մեղադրող դատախազ Տիտալ Ուզոյանի մեղադրական եզրակացության`2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալները կազմակերպել են «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը։ Գումար ունենալու մասին տեղեկատվությունը տրամադրել էր HSBC բանկի «Ռիսկերի կառավարման» բաժնի գլխավոր մասնագետ, «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» հ/կ նախագահ Աշոտ Առուշանյանը:
«Գործով առկա չէ որևէ ապացույց, թե Աշոտ Առուշանյանը որևէ մեկին տեղեկատվություն է տրամադրել «Մանանա գրեյն» ՍՊԸ կոմղից բանկ տեղափոխվող գումարների չափի և դրանց տեղափոխման մասին», – ասել է Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Երեկ դատարանում դեպքի վերաբերյալ այսօր հարցաքննվել է գործով վկա Արմեն Մանուկյանը, ով հանդես է գալիս նաև որպես տուժողի ներկայացուցիչ. տուժողը` «Մանանա գրեյն» կազմակերպության փոխտնօրենը՝ Մանուկյանի քրոջ ամուսինն է:
Ինչպես դատարանի դահլիճից Epress.am-ին հաղորդել են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ Արման Վեզիրյանը և Էդուարդ Դանիելյանը, Արմեն Մանուկյանի այսօրվա և նախկինում տված ցուցմունքների միջև նկատվել են հակասություններ: Հակասությունների վերաբերյալ վկան կշարունակի ցուցմունք տալ մարտի 20-ին կայանալիք դատական նիստին:
Քրեական գործով որպես վկա են հաnդես գալիս 2 անձ, որոնցից մեկը` նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն է։ Նա հարցաքննվելու է հաջորդ դատական նիստին։
Գործով դատաքննությունը սկսվել է 2012թ. հոկտեմբերի 10-ին: 2013թ. հունվարի 30-ին Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը դատապարտվել են ազատազրկման (համապատասխանաբար 7 տարի և 5 տարի 6 ամիս ժամկետով): Նույն թվականի մարտի 5-ին գործը բողոքարկվել է ՀՀ Քրեական և զինվորական վերաքննիչ դատարանում, որտեղ բեկանումից հետո վերադարձվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ» դատարան նոր քննության համար: