Երևանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու հարցը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությունը հրաժարական տան։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Փաշինյանը հիշեցրել է, որ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում։
«Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ», – Մարգարյանի խոսքերն է մեջբերել Փաշինյանը։
Մայիսին տեղի են ունեցել ավագանու ընտրությունները, իսկ հունիսին Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ ուղեվարձը պետք է փոխվի։
«Սա ուղղակի քաղաքական խայտառակություն է։ Այ էսպես են անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլեր, մոշեննիկ։ Որովհետև ո՞նց կարելի ա մի բան հայտարարել, գնալ էդ հայտարարության հիման վրա ընտրություններ անցկացնել ու պաշտոնը պահպանել, և հետո ասել՝ չէ, պետք է հակառակն անել։ Պրոբլե՞մ կա Երևանի հասարակական տրանսպորտի հետ կապված, ուրեմն Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ական մեծամասնությունը հրաժարական են տալիս։ Երևան քաղաքապետի ընտրություններ տեղի կուենան և քաղաքացիները թեկնածուների հետ կքննարկեն այդ հարցը», – ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ սա չի վերաբերում միայն Երևանին։ Փաշինյանի խոսքով՝ պատճառաբանում են, թե երթուղիները խնդիրներ ունեն, որովհետև ուղևոր չկա, որպեսզի կազմակերպությունները շահույթով աշխատեն։
«Ո՞վ ա մեղավոր, որ ուղևոր չկա։ Ձեր կառավարությունն ա մեղավոր, որ ուղևոր չկա։ Ձեր կառավարությունը չէ՞ր ասում՝ բա ինչ անենք, որ չթողնենք արտագաղթեն, մնան հեղափոխություն անե՞ն։ Չեն մնացել, հեղափոխություն չեն արել, ամեն ինչ արել եք, որ էդ մարդիկ գնան, հիմա ասում եք՝ ուղևոր չկա։ Ձեր գործունեության արդյունքն ա՝ որ չկա ուղևոր», – նշել է Փաշինյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե կառավարությունը ցանկություն ունի 50 տոկոսով տրանսպորտի ուղեվարձը թանկացնել, ապա նախ 50 տոկոսով պետք է կրճատի աղքատությունը։
«Չեն կարողանում աղքատությունը վերացնել, թող ասեն՝ չենք կարողանում կրճատել, չենք կարողանում ղեկավարել։ Թող թողնեն գնան», – ասել է Նիկոլ Փաշինյանը։