Երևանի պատվերով Ստեփանակերտում կայացած համերգը, որը ողջունում էր Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը, վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում էր։ Այս մասին ասված է «Նախախորհրդարան»-ի տարածած հայտարարության մեջ։
«Ժողովուրդը, որ հռչակել է անկախություն և պաշտպանել սեփական ազատությունն իր արյամբ, ներքաշվում է մի գործընթացի մեջ, որտեղ նա ցուցադրվում է ասես ծուռ հայելու մեջ։
Ղրիմում և Արցախում ինքնորոշման գործընթացների սոսկ արտաքուստ նմանությունը այդ կամակատարների համար առիթ հանդիսացավ նման խանդավառ ողջույնի։ Սակայն նրանք մոռանում և աչք են փակում այն հանգամանքի վրա, որ ղրիմյան ինքնորոշումը անցնում էր ռուսական ռազմական մեքենայի քողածածկույթի, իսկ արցախյանը՝ հակառակը, այդ ուժի ճնշման ներքո։ Ավելին, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միացումը տեղի է ունենում այս վերջինի կողմից կայսերական նկրտումների պարզորոշ դրսևորմամբ, նկրտումներ, որոնք թիրախ ունեն նաև Հայաստանը՝ Արցախը ներառյալ։
Նախախորհրդարանը համոզված է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդրի շուրջ ծագած ներկա պայմաններում առավել նպատակահարմար է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը դե յուրե վերամիավորման քաղաքական գործընթաց սկսեն, դրանով իսկ ինքնիշխանության կորստի վտանգը չեզոքացնեն, ոչ թե Արցախի անկախությունը որևէ մեկի կողմից ճանաչելու սին պատրանքներով մխիթարվեն», – նշում են հայտարարության հեղինակները։