Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը այսօր հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան (լուսանկարում) Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
«Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ իջեցնել դրանց մակարդակը»,- ասել է Իգոր Ռոմանը:
Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը նաև հավելել է, որ դեսպանը Երևան կվերադառնա անկախ այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևին Հայաստանի քվեարկությունից:
Ավելի վաղ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:
Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար: