Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) կողմ է հանդես գալիս երկրի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը։ Այս մասին ասված է ՈՒՀՄ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ուկրաինայի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է, որը գործում է ուկրաինական օրենսդրության հիման վրա։ Այդ կապակցությամբ մենք իրավասու չենք մեկնաբանել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների զրույցը։ Երկրում քաղաքական իրավիճակի և Ուկրաինայի, մասնավորապես, Ղրիմի տարածքում իրականացվող գործողությունների հանդեպ մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում», – մասնավորապես, նշում է Ուկրաինայի հայերի միությունը։
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ուկրաինայի հայերը խորապես մտահոգված են երկրում իրավիճակի բարդացմամբ, և կոչ են անում առկա խնդիրների խաղաղ ճանապարհներ փնտրել՝ պետական օրենքների և միջազգային իրավական ակտերի հիման վրա։
«Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ միասին սգում ենք երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների մահը, որոնց թվում են հայ ժողովրդի երկու ներկայացուցիչներ։ Մենք շարունակում ենք սատարել ուկրաինացի ժողովրդին՝ մեզ չառանձնացնելով էթնիկ ուկրաինացիներից և Ուկրաինայում բնակվող բոլոր մյուս ազգերից», – նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը հաշվի է առնում, որ միլիոնավոր հայեր ու բելառուսներ չեն սատարում իրենց երկրների ղեկավարների դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ում առաջարկված Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին, որը չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։