2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Օմբուդսմենը գրել է դրամահավաքության և քաղաքականացված բուհերի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը սկսել է մաս առ մաս հրապարակել իր տարեկան զեկույցը։ Ինչպես անցյալ տարի, նա առանձին է անդրադառնում տարբեր ոլորտներին։

Այսօրվա հրապարակած հատվածը կոչվում է «Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին»։

Օմբուդսմենն իր կարծիքն է հայտնել ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին․

- Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:

- Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:

- Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:

- Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:

- Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:

- Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:

- Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:

- Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:

- Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:

- Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում: