Այսօր մինչև կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով երեկ ՍԴ-ի կայացրած որոշման մասին, որով կուտակային կենսաթոշակի մասին օրենքի որոշ դրույթներ ճանաչվեցին հակասահմանադրական, ասել է, որ այսօր ձևաովորելու է աշխատանքային խումբ:
«Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ անձանց հետ միասին ներակայացնելու ենք օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են ՍԴ-ի որոշման մեջ: Դա բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը` նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:
Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից՝ ևս մեկ անգամ դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության տակ են պահել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, հրավիրում եմ նրանց երկխոսության»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ներգրավված կլինեն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆիանանսների նախարարությունները և Կենտրոնական բանկը:
Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ, եթե ՍԴ-ն իրենց տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, ապա, եթե ինքը ճիշտ է հասկանում, այն ձևով, որ ընդունվել է ԱԺ-ի կողմից, օրենքը պետք է գործի, մինչև այդ հակասահմանադարական նորմերը վերանայեն:
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասել է, որ նման պարագաներում օրենքը համարվում է սահմանդրական՝ մինչև նրա ուժը կորցնելու պահը:
«Մինչև սեպտեմբերի 30-ը այդ դրույթները համարվում են սահամանադրական, բայց այն պահին, երբ փոփոխությունները կկատարվեն, դա վերջնաժամկետն է, և նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ»,- ասել է նախարարը:
Վարչապետն ավելացրել է, որ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար օրենքը, որը ուժի մեջ է մտել հունվարի մեկից, գործում է, և բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով: