Home / Հայաստան / Անդրանիկ Միհրանյանը հեռուն է գնացել իր շողոքորթ նվիրվածության մեջ․ հոդված

Անդրանիկ Միհրանյանը հեռուն է գնացել իր շողոքորթ նվիրվածության մեջ․ հոդված

Հեղինակ՝ պատմաբան, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գեորգի Միրսկի

«Ո՞վ է ասել՝ «Անգամ խոզը չի կեղտոտում այնտեղ, որտեղ ապրում է․․․ իսկ այժմ մենք ունենք նման խոզ՝ ի դեմս Պաստեռնակի»։ Այս անմահ արտահայտությունն իմ սերնդի մարդիկ լավ են հիշում։ Սեմիչաստնին է ասել, ահա՝ ով։ ԿԳԲ-ի ղեկավարը։ Բորիս Պաստեռնակի դեմ նրա «Բժիշկ Ժիվագո» գրքի կապակցությամբ անցկացվող արշավի ընթացքում։

Իսկ ո՞վ է այսօր այդ արտահայտությունը կրկնել արդեն մեկ այլ անձի՝ պրոֆեսոր Զուբովի հետ կապված, որը ՄԳԻՄՕ-ից հեռացվել է Ուկրաինայի և Ղրիմի հարցում սխալ հայացքներ ունենալու պատճառով։

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ «Զուբովը կեղտոտում է այնտեղ, որտեղ իրեն և իր ընտանիքին ապահովել են լավ կրթություն ստանալու հնարավորություններ»,- գրում է Միհրանյանը «Իզվեստիայում»։ Մաքուր Սեմիչաստնի, բայց ոչ միայն։

Քանի-քանի անգամ եմ այսպիսի տողեր կարդացել՝ հասցեագրված այլախոհների, պարզապես քաղաքապես անվստահելի մարդկանց, Իսրայել գնալ ցանկացող հրեաների և այլն։

«Ձեզ այստեղ կրթություն են տվել, իսկ դո՞ւք»։ Ոչինչ չես կարող ասել, Միհրանյանը լավ սերտել ու մտաբերել է խորհրդային դեմագոգիայի լավագույն օրինակները։ Եվ հետո, նրան այլապես կուղարկեի՞ն Նյու Յորք՝ ամերիկացիներին ժողովրդավարություն սովորեցնելու։ Ինչպես ասում էր իմ գործընկերներից մեկը, կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել, հատկապես՝ փողի։

Բայց եթե սկսել ես, չպետք է կանգ առնել։

Պետք է աքացի տալ ոչ թե պարզապես մեկ պրոֆեսորի, այլ մի ամբողջ համալսարանի։ Ոչ ՄԳԻՄՕ-ին, իհարկե, այլ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցին։ Այն, Միհրանյանի կարծիքով, գործում է միայն «դեմշիզայի համար կադրեր պատրաստելու» համար։ Հասկանալի է, ամբողջությամբ ժամանակի ոգով։ Արդեն վաղուց են «Բարձրագույնին» մոտենում՝ քայլ առ քայլ ավելացնելով հարձակումները դրա վրա՝ որպես լիբերալիզմի օջախ։ Զուբովին կապել ԷԲԴ-ին․ ավելի հեշտ բան չէր կարող լինել։ Այնուհետ Միհրանյանն ու նրա գործատուներն արդեն «հինգերորդ շարասյան» նման ձևակերպումներ կօգտագործեն։ Ես ինքս դասավանդում են ԷԲԴ-ում ու կարող եմ միայն հպարտանալ այնտեղ տիրող ազատ ստեղծագործական ոգով։ Եվ միանգամայն ակնհայտ է՝ ինչու է Միհրանյանը, իբր հպանցիկ, ուղարկում իր մատնությունը․ «սայլ է ուղարկում», ինչպես ասում էին խորհրդային ժամանակներում։ Տարիքի հետ քաղաքական հոտառությունը միայն սրանում է։ Մարդը գլխի ընկավ՝ ինչ պետք է գրել, այն էլ ինչպե՜ս գլխի ընկավ։

Բայց դա էլ բավարար չէ։ Նյույորքյան բակամուտքից փորփրելը, մեկ պրոֆեսորի և համալսարանի ուղղությամբ գարշահոտ ալիք բաց թողնելը դեռ այն չէ։ Իսկ բղկացնել մի բան, որ մինչև քեզ որևէ մեկը չի ասել, դրա համար արժե հոդված գրել, չէ՞ որ այս հեղինակը հազվադեպ է գրում, բայց՝ տեղին։ Ահա, խնդրեմ, մի մարգարիտ՝ եթե Հիտլերը 1939 թվականին կանգ առներ, ապա «իր երկրի պատմության մեջ կմնար որպես գերագույն դասի քաղաքական գործիչ»։ Զգո՞ւմ եք անկեղծ հիացմունքը։ «Գերագույն»՝ ի՜նչ բառ է ընտրել․ ոչ՝ պարզապես քաղաքական գործիչ, անգամ ոչ խոշոր կամ արդյունավետ, այլ՝ գերագո՜ւյն։ Ու սա Հիտլերի մասին, որը 1939 թվականին արդեն վաղուց լուծել էր ընդդիմության հարցերը, կոնցլագերներում փտեցրել կոմունիստներին ու սոցիալ-դեմոկրատներին, ոչնչացրել Չեխոսլովակիան, Գերմանիային միջնադարյան հակասեմական օրենքներ տվել, իսկ դեռևս տասը տարի առաջ «Մայն կամպֆ» գրքում ու անթիվ ելույթներում ակնհայտորեն, առանց ամաչելու պատմել ամբողջ աշխարհին՝ ինչ է ինքը մտածում ցածր ցեղերի մասին ու ինչ է մտադիր անել դրանց հետ։ Միհրանյանն այս ամենի վրա թքած ունի, նա պարզապես ահավոր ցավում է, որ ֆյուրերը ժամանակին չի դադարեցրել իր էքսպանսիան, և այժմ մեր ականավոր քաղաքագետը կարող է հիանալ «գերագույնով» միայն մինչև որոշակի տարեթիվ, քանի որ դրանից հետո արդեն մի տեսակ անհարմար է։

Ինչու է Հիտլերին ընգրկել՝ որպես գերմանական հողերի կոլեկցիոներ՝ երեխային էլ հասկանալի է։ Ո՞վ է այսօր հավաքում ռուսական հողերը։ Միայն ցավում եմ, որ Անդրանիկը հեռուն է գնացել իր շողոքորթ նվիրվածության մեջ։ Հազիվ թե այն մարդը, ում նա իր՝ բոլորովին այլ թեմայի նվիրված հոդվածում ցանկացել է ակնթարթորեն լիզել, գոհ լինի, եթե իրեն հայտնեն՝ ում հետ են իրեն համեմատել։

Եվ այնուամենայնիվ, ինչպե՜ս է հաջողացրել մեկ կարճ հոդվածի մեջ երեք կույտ տեղավորել․․․

Ես Միհրանյանին հիշում եմ դեռ վաղ տարիներին, երբ նա՝ սուր մտքով և անսահման էներգիայով բարետես երիտասարդ, ամբողջ օրը գցած էր մեզ մոտ «ՀՏՄՀԻ»-ում։

Նրա մոտ միայն երկու թերություն կարելի էր նկատել՝ չէր կարողանում լավ գրել և չէր կարողանում իր հոդվածներում չհիշատակել՝ «ես այդ մասին բազմիցս խոսել եմ», «ինչպես արդեն գրել եմ իմ նախորդ հոդվածներում», և այլն։ Դա անվնաս է։

Իսկ հիմա՞։ Աստվա՜ծ իմ, ինչ է ժամանակը անում մարդու հետ։ Ոչ թե հենց ինքը՝ ժամանակը, իհարկե, այլ որքան հնարավոր է բարձրանալու, Կրեմլում «յուրային» դառնալու անզուսպ, ամենակուլ ցանկությունը․․․

Եվ, կրկին հիշելով Սեմիչաստնիի սիրելի խոսքը՝ կեղտոտելու հնարավորություն ստանալ, թեկուզ՝ նյույորքյան երկնաքերից»։