Home / Հայաստան / ՄԻՊ․ Յոթ պատասխան Երևանի քաղաքապետին՝ Օմբուդսմենից

ՄԻՊ․ Յոթ պատասխան Երևանի քաղաքապետին՝ Օմբուդսմենից

Օմբուդսմենի՝ 2013 թվականի զեկույցում տեղ գտած քննադատություններին Քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հայտարարության մեջ ասված է․

«1. Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե Քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:

2. Մենք պնդում ենք, որ Երևանի մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են և շատ երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալ: Խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ նախկինում մանկապարտեզների շատ շենքեր վարձով են տրվել և օգտագործվում են այլ նպատակներով: Ասում ենք, պետք է դադարեցնել նման վարձակալությունները և նորերը չկնքել, որ երեխաները մանկապարտեզ ունենան: Ընդունելով, որ խնդիրն ըստ էության ճիշտ ենք բարձրացնում, Քաղաքապետարանը միայն մի հակափաստարկ է ներկայացնում, որ այլ երկրներում էլ մանկապարտեզներում տեղերի խնդիր կա:

3. Քաղաքապետարանը մեզ հակադարձելիս վստահ պնդում է. «մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության»: Միայն Փակ շուկան բավարար է հերքելու այս պնդումը, բայց մենք մինչև քննադատելն ունեցել ենք նաև այլ օրինակներ:

4. Քաղաքապետարանին քննադատում ենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց առաջ հանրային քննարկում չարեցին: Պատասխանում են, որ օրենքով հատուկ պահանջ չկար: Չէ՞ որ, Քաղաքապետարանին ոչինչ չէր արգելում խորհրդակցել հանրության և այլ շահագրգիռ կառույցների հետ, նոր նման ցավոտ հարցով որոշում կայացնել: Մեզ հրապարակայնորեն պատասխանում են, որ հիմա արդեն քննարկում ենք ու ստեղծել ենք հանձնաժողով: Այո, գործընթացը հիմա շատ ավելի ճիշտ է կազմակերպված, բայց կարելի էր ի սկզբանե այսպես սկել ու չունենալ քաղաքացիական ընդվզումներ:

5. Ասում ենք, որ Երևան քաղաքի կենտրոնում և ծայրամասերում ասֆալտապատումը հավասարաչափ չի արվում և ոչ կենտրոնական շատ փողոցներ մնացել են անբարեկարգ: Պատասխանում են, որ մեր պնդումները մասնագիտական չեն, սակայն մեզ ահազանգած բազմաթիվ համաքաղաքացիներ ականատեսն են եղել մեր այդ պնդմանը: Կենտրոնական ու երևացող ճանապարհները նույնիսկ մի քանի անգամ են բարեկարգվել, իսկ այն, ինչ աչքից հեռու է, հաճախ զերծ է մնացել Քաղաքապետարանի ուշադրությունից:

6. Պնդում ենք, որ Երևանի շինություններն ու տրասնպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ Քաղաքապետարանի, եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլևս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար, որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը և կիրառելիությունը հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով, ակնհայտ է, որ ճիշտ ենք, որ այս ուղղությամբ գործ արվել է, բայց քիչ ու որոշ դեպքերում՝ սխալներով:

7. Վերջապես Կոմայգու վերաբերյալ. Երևանի քաղաքապետարանը տարակուսում է, որ Կոմայգում այլասերվածության խնդրի համար նաև իրենց ենք մեղադրում: Պետք չէ տարակուսել, քանի որ Քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում այգիների բարեկարգումը, լուսավորումը և ցանկապատումը: Այսինքն, հանրային զբոսայգում գիշերային ժամերին սեռական հարաբերությունները, պոռնկությունը և թմրամիջոցներ օգտագործելը հեշտությամբ կարելի էր կանխել այգին լուսավորելու, ցանկապատելու, տեսանկարելու եղանակներով: Այլ եղանակները ոստիկանության գործն են, բայց վերը նշված կանխարգելիչ գործողությունները կարող էր անել միայն և միայն Երևանի քաղաքապետարանը:

Իսկապես Երևանը շատ դրական զարգացումներ ունի և մեր քաղաքում լավը շատացել է: Այդուհանդերձ, եղած թերացումները մատնանշելը մեր գործն է, իսկ դրանք շտկելը՝ Քաղաքապետարանինը: Մենք մեր գործն անում ենք անկախ գնահատականներից և «հնչեղությունից»: Նույնն ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանից և այլ գերատեսչություններից»: