Home / Հայաստան / ԵԽԽՎ-ում առաջարկում են չեղյալ համարել Ռուսաստանի բոլոր իրավունքները

ԵԽԽՎ-ում առաջարկում են չեղյալ համարել Ռուսաստանի բոլոր իրավունքները

Ռուսաստանի պատվիրակությունը բացակայում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճից, որտեղ քննարկվում է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունների վերանայման հարցը, քանի որ այն քաղաքական ֆարս է համարում։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

«Մենք կարծում ենք՝ այդ քաղաքական ֆարսին մասնակցելն անիմաստ է։ Մենք այդ ինկվիզիցիային մասնակցելու որևէ պատճառ չենք տեսնում։ Եթե նրանք ուզում են ինկվիզիտորների դեր խաղալ, թող խաղան, իսկ մենք ներկա պահին քննարկում ենք՝ արդյոք արժէ, որ Ռուսաստանը մնա ԵԽԽՎ-ի կազմում»,- հայտարարել է նա։

Նշենք, որ հինգշաբթի՝ ապրիլի 10-ին, ԵԽԽՎ-ի լիագումար նիստում քննարկվում է վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը։

Նախապես ներկայացված բանաձևի նախագիծն առաջարկում էր Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունների, մասնավորապես՝ Ղրիմի անեքսիայի պատճառով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը զրկել բոլոր լիազորություններից:

Բանաձևում, սակայն, մի շարք փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում զրկվում է ձայնի իրավունքից մինչև 2014 թ․ վերջ։

Դանիացի պատգամավոր Միքայել Աստրուպ Յենսենն իր ելույթում հայտարարել է, որ, Ղրիմը գրավելով ու Ուկրաինայի ներքին գործերին միջամտելով, Ռուսաստանը կոպտորեն խախտել է ԵԽԽՎ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Պատգամավորն առաջարկել է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել․ «Բավարար չէ Ռուսաստանին միայն զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։ Պետք է անցնել երկրորդ փուլին ու չեղյալ համարել Ռուսաստանի բոլոր իրավունքներն ու լիազորությունները վեհաժողովում»։