Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը, երեկ տարածած հաղորդագրության մեջ նշում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։
«Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները առնչություն չունեն կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու հետ, այլ պայմանավորված են ռեժիմի պահպանման և վերարտադրության նեղ շահերով:
Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, նրա ստեղծումն ու նրա մեջ փոփոխությունները՝ քաղաքական գործընթաց։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ստեղծվել է երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի հրամանագրով։ Ոչ քաղաքական մարմին հանդիսացող և միայն գործող Սահմանադրության պահապանի գործառույթ ունեցող Սահմանադրական դատարանը որևէ առնչություն չպետք է ունենա սահմանադրափոխության գործըթացին։ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ լինելու փաստը շահերի բախման արտառոց մի դեպք է, անհեթեթություն, ինչը կարող էր տեղի ունենալ իրավագիտակցությունից բացարձակ զուրկ վարչախմբի պարագայում», – մասնավորապես, ասված է փաստաթղթի մեջ։
Այդ առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է.
1. Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որևէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է և այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։
2. Սահմանադրության կարևոր հատկանիշներից մեկը նրա կայունությունն է, մինչդեռ ահա երրորդ անգամ է այն փոփոխելու արհեստական խնդիր հարուցվում, ընդ որում՝ երեք անգամն էլ ոչ թե Սահմանադրությունն իսկապես բարեփոխելու կամ պետականությունն ամրապնդելու, այլ վարչախմբին հզորացնելու և նրա կյանքը երկարաձգելու համար:
3. Ոչ օրինակարգ իշխանությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Օրինակարգ իշխանությունն է, որ կարող է սահմանադրական փոփոխության, այդ թվում նաեւ կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել։ Հետևաբար Սահամանդրական փոփոխություններին կարելի է անդրադառնալ միայն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:
4. Երկրում առաջացած խնդիրները՝ անխնա թալանի հետևանքով հասարակության սոցիալական բեւեռացումը, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում հարստության գերկենտրոնացումը, ապօրինի մենաշնորհների և իշխանական կամայականությունների հետեւանքով գործարար միջավայրի աղճատումը, իրավունքի և օրինականության բացակայությունը, ազգակործան արտագաղթը և այլն, կառավարման մոդելի հետևանք չեն։ Դրանք, ինչպես նաև քաղաքական համակարգի արատները, հետեւանք են իշխանական վերնախավի կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգի, ընտրակեղծարարության կատարելագործված մեխանիզմների, ինչի հիմքում այլ բան չէ, քան իշխանության ոչ օրինակարգությունը և հանցագործ բնույթը։
5. Այս պահին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակման պատճառը մեկն է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև և փորձում է այս խայծի միջոցով շեղել հասարակության և քաղաքական ուժերի ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից, Սահմանադրության փոփոխության կարևորագույն թեման դարձնել իշխանության պահպանման անձնական նկրտումների գործիք:
«Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա», – եզրափակում են հայտարարության հեղինակները։