2012 թվականի հունվարի 2-ին մահացած 2,5-ամյա Լիա Միսակյանի վիճակը միջին ծանրության է եղել, և, ով էլ լիներ մանկաբույժների փոխարեն, չէր կարող ճիշտ ախտորոշում տալ։ Այս մասին երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում հայտարարել են բժիշկներ Կարինե Մարտիրոսյանը և Հասմիկ Գևորգյանը։
Ինչպես փոխանցում է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, դատավոր Լևոն Ավետիսյանը վկաներից մեկի ցուցմունքից հետո ասել է. «Այն ժամանակ ինչ արեցիք, որ հիմա ինչ անեք…»` այսպիսով բացահայտ գնահատական տալով ոչ միայն վկայի ցուցմունքին, այլև նրա կողմից կատարված աշխատանքին ընդհանրապես:
Քիթ-կոկորդ-ականջի բժիշկ Հասմիկ Գևորգյանը նաև ասել է, որ երբ երեխան սև զանգված է փսխել, իրեն ասել են, թե շոկոլադ է կերել, որից հետո բորբոքվել է մահացած երեխայի հայրը՝ նշելով, որ երեխան միայն ջուր է խմել իր օգնությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Ըստ ներկայացվող մեղադրանքի` Լիլիթ Վարդանյանը տվել է հիվանդության սխալ ախտորոշում և հետագայում հետևողական չի եղել արյան անալիզի արդյունքները ստանալու հարցում: Զարինե Այվազյանը, ընդունելով հերթապահությունը Լիլիթ Վարդանյանից հետո, ևս հետևողական չի եղել արյան անալիզի արդյունքները ստանալու հարցում, դրսևորել է անգործություն, մինչդեռ արդյունքները պատրաստ են եղել շատ ավելի վաղ, քան դրանք ստացվել են, և ավելի վաղ ստանալու դեպքում հնարավոր կլիներ փրկել երեխայի կյանքը:
Մանկաբույժների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին: Լիա Վարդանյանը և Զարինե Այվազյանը հրաժարվում են ընդունել իրենց ներկայացված մեղադրանքը:
Գործով պաշտպաններն են` ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Գիվի Հովհաննիսյանը և Երեմ Սարգսյանը:
Որպես տուժողի իրավահաջորդ է հանդես գալիս Գեորգի Միսակյանը, ում շահերի ներկայացուցիչն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Դեպքի վերաբերյալ մարտի 6-ի, 7-ի և 24-ի դատական նիստերին հարցաքննվել են տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը, վկայություններ են տվել «Արաբկիր» ԲԿ բուժքույրը, լաբորանտները և երեխային կորցրած մայրը:
Մարտի 27-ի դատական նիստին հարցաքննվել են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը և մանկաբույժ Իրինա Մամյանը: Գյուլբուդաղյանը պատմել է, որ 2013թ. հունվարի 2-ի երեկոյան իրեն զանգահարել են, հայտնել, որ կլինիկական մահվան վիճակով հիվանդ է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և խնդրել հնարավորության դեպքում ներկայանալ հիվանդանոց: Վկան պատմել է, որ, մտնելով վերակենդանացման բաժանմունք, 45 րոպե շարունակել է մասնակցել արդեն սկսված վերակենդանացման միջոցառումներին, որից հետո վրա է հասել երեխայի կենսաբանական մահը: Երեխայի հոր`Գեորգի Միսակյանի հարցին, թե երեխան ջերմային ցնցումներ ունենալու դեպքում պետք է տեղափոխվի վերակենդանացման բաժանմու՞նք, թե պալատ հարցին, վկան պատասխանել է, որ դա որոշում է բժիշկը: Դատավորի հարցին` արդյո՞ք քննարկվել է, թե ինչ կարող էին անել, որ չեն արել և ով է սխալ արել, վկան պատասխանել է, որ ինքն իրավասու չէ դա որոշել, դա դատական մարմինների գործն է: Քանի որ հիվանդության պատմության նկարագիրը չի եղել, չեն կարողացել այդ հարցը լիարժեք քննարկել, միայն արյան անալիզից են որոշ ենթադրություններ արել, իսկ ռենտգեն պատկերով և նկարագրությամբ հայտնաբերված թոքաբորբը այնպիսին չի եղել, որը կարող էր առաջացնել հիվանդի մահ:
Մյուս վկան` մանկաբույժ Իրինա Մամյանն ասել է, որ ինքը հերթափոխն ընդունելով բժշկուհի Զարինե Այվազյանից, նկատել է, որ երեխան դժվար է շնչում, ծնողներն իրեն տեղեկացրել են, որ երեխան ամբողջ գիշեր այդպես է շնչել, որից հետո նա ծանոթացել է հիվանդության պատմությանը։ Տեսնելով արյան անալիզները՝ նշանակել է ռենտգեն հետազոտություն և կրկնել արյան անալիզները` հասկանալու համար, թե արդյոք վիճակը նույնն է: Հետազոտությամբ թեթև թոքաբորբ է արձանագրվել, նշանակվել է բուժում, սակայն առավոտյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, ունեցել է փսխում, ծանր շնչառություն, բժիշկներ են հրավիրվել, զննել են երեխային: Մանկաբույժի` ընդունարանում լինելու ընթացքում իրեն է զանգահարել բուժքույրը, տեղեկացրել, որ երեխան շատ վատ է, երբ հասել է երեխայի մոտ, տեսել է, որ վերջինս չի շնչում, սրտի տոները չեն լսվում, ինչից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացել է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցին, թե կարող էր արդյոք հիվանդությունը մի քանի ժամում զարգանալ, մանկաբույժը պատասխանել է, որ կարող էր զարգանալ նաև մի քանի ժամում, կարող էր և օրերի ընթացքում լինել:
Պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հարցին՝ «եթե դուք լինեիք դետեմբերի 31-ի բժիշկը, արդյոք նույնը կախտորոշեիք երեխայի մոտ», մանկաբույժը դրական պատասխան է տվել: