Երեկ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի են ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները, որոնց ընթացքում Հարությունունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը։
Այս մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ասել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Ինչպես հաղորդում է օմբուդսմենի գրասնեյակը, նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում՝ Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը նշանակվել է ապրիլի 17-ին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին ռուսաստանյան Պոդոլսկ քաղաքի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: