Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ՀԱԿ գրասենյակ դաշույններով մտած, Սպիտակի քաղխորհրդի նախկին նախագահ Արթուր Օհանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից «անմեղսունակության վիճակում կատարված արարքի համար», գրում է Aravot.am-ը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ կիրառվելու է հարկադրական բուժում՝ հոգեբուժական ընդհանուր վերահսկողության բաժանմունքում:
Օհանյանի ներկայացուցիչը՝ Լիաննա Օհանյանը խնդրել էր, որպեսզի հոր բուժումը շարունակվի տան պայմաններում, քանի որ տարիներ շարունակ տեղյակ է նրա վիճակից: Իսկ պաշտպանը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անահիտ Եսայանը, դատարանին ներկայացրել էր բժշկական տեղեկանք այն մասին, որ Ա.Օհանյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Ըստ դատախազ Հակոբ Մելքոնյանի զեկույցի՝ Ա. Օհանյանը տառապում է օրգանական զառանցական հիվանդությամբ, ունի հիվանդագին ապրումներ, լսողական ցնորքներ:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Aravot.am