Home / Տեսանյութեր / Կուտակայինի պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է․ վարչապետ

Կուտակայինի պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է․ վարչապետ

Կենսաթոշակային համակարգի մասին նոր նախագիծը, որն այսօր ներկայացվել է Կառավարության նիստում, նախատեսում է մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը` կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: Փաստորեն, գործատուն ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող անձանց համար 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից: Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Նախագիծը ԱԺ-ում կքննարկվի ապրիլի 28-ին։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրապարակել է մի շարք դրույթներ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակականքաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:

2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.
Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:

Դեմ եմ: Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն»,- ասել է վարչապետը։ 

Tekali Taxi