Սևանա լճի գոյությանը սպառնացող ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ մի քանի օրվա ընթացքում հավաքվել է 1233 ստորագրություն, գրում է ecolur.org-ը։
Կայքը նշում է, որ ստորագրահավաքը դեռ շարունակվում է, ու հիշեցնում, որ ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով։ Բնապահպանները, մտահոգ քաղաքացիները նամակում ընդգծում են, որ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է․
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնաթող եղավ` ստորագրելով և ամբողջ ազգին պարտադրելով երկու որոշում, որոնք Սևանա լիճը դնում են ոչնչացման վտանգի տակ: Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով: Երկրորդը՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչև 2023 թվականը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։
Հասարակությունը դեմ է այս որոշումներին` առաջին հերթին մատնանշելով այն, որ ծրագրերի իրականացման դեպքում մենք կկորցնենք քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը` 37 միլիարդ խմ, կկորցնենք այլ ջրային աղբյուրները, որոնց գոյությունն ապահովված է Սևանա լճի բարձր մակարդակի շնորհիվ:
Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սևանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար:
Ե՛վ հասարակությունը, և՛ Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի բնակիչները համոզված են, որ Սևանա լճից ջրբացթողումների ավելացումը պետական շահ չի հետապնդում, որ Արարատյան դաշտի ջրային պաշարների դեֆիցիտը ուղղակի առիթ է Սևանա լճից ջրբացթողումներն ավելացնելու համար, ինչն իրականում պայմանավորված է առանձին անհատների սեփական շահով:
Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը մերժում է ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր տրամադրել` պատճառաբանելով, որ Սևանի ջրի մեկ կաթիլն անգամ ոսկու արժեք ունի, և, որպես հայ, բնակիչները պետք է հասկանան, որ Սևանա լճի ջրի հետ գործ չունեն:
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիրը ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական գիտական հիմքեր չունի, հակառակը, այն վտանգում է Սևանա լճի ջրի որակը և կեսաբազմազանությունը:
Երկու ծրագրերն էլ հակասում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին:
Հաշվի առնելով այն, որ Սևանա լիճը ունի կենսական նշանակություն, մենք դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նորանշանակ վարչապետի, կանգնեցնելու այս ծրագրերը և անցկացնելու արտաքին անկախ փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների, օրինակ, ԵԱՀԿ-ի ENVSEC ծրագրի շրջանակներում, որի հետ ակտիվորեն համագործակցում է կառավարությունը:
Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սևանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները և հասարակությունը պատրաստ է դիմել ակտիվ գործողությունների»: