Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում նա իր ցավակցությունն էր հայտնել1915 թվականի հայ զոհերի ժառանգներին, հակասական արձագանքների է արժանացել Թուրքիայում։
«Բնականաբար, մենք նույնպես կիսում ենք իրենց կյանքը կորցրած մարդկանց ցավը»,- հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) խոսնակ Հալուք Քոչը։
Խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, Քոչը մտահոգություն է հայտնել, որ Էրդողանի քայլի նպատակն աշխարհում Թուրքիայի նվազող հեղինակության վերականգնմանը նպաստելն էր։
«Էրդողանը վերջին երկու տարիների ընթացքում աստիճանաբար կորցրել է Թուրքիայի հեղինակությունն աշխարհում։ Հնարավոր է՝ նա բարի կամքի հայտարարությունների միջոցով հեղինակության է ձգտում։ Եթե այս գործընթացը դնենք քաղաքական համատեքստի մեջ, հաշվի չառնենք պատմական փաստերի առկայությունը, ապա կարող ենք վստահ լինել, որ այս քայլը կընդունվի որպես [Թուրքիայի] հեղինակությունը վերականգնելու փորձ»,- ասել է Քոչը։
Փոխվարչապետ Բեշիր Աթալայը Էրդողանի հայտարարությունը «շատ կարևոր» է որակել։
«Հարցի վերաբերյալ շատ առաջադեմ հայտարարություն ու քայլ է արվել։ Դա շատ կարևոր է։ Սա հաղորդագրություն է, որը իրադարձությունների 100-ամյակին ընդառաջ ասում է՝ «եկեք խնդիրը վերջնականապես լուծենք»,- ասել է Աթալայը Ստամբուլում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության հանդիպման ժամանակ։
Հինգշաբթի Չանքըրը նահանգ կատարած իր այցի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դավլեթ Բահչելին քննադատել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ Էրդողանը կիսում է Հրանտ Դինքի սպանության դեմ 2007 թվականին Ստամբուլում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ «Մենք բոլորս հայ ենք» վանկարկողների մտածելակերպը։
«Վարչապետը սկսել է նույն կարծիքն արտահայտել, ինչ այս ցուցարարները։ Սա շատ ցավալի է։ Նա պետք է անմիջապես հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից»,- հայտարարել է Բահչելին։
«Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչողլուն նույնպես քննադատել է Էրդողանի հայտարարությունը։ Հինգշաբթի խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Էրդողանը արտասահմանից եկող ճնշման տակ կարող է ընդունել, որ Օսմանյան թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն են գործել։
Հինգշաբթի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Թուրքիային կոչ է արել ընդունել իր պատմությունն ու ներողություն խնդրել հայ ժողովրդից։
«Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Ֆարուք Բալը Today's Zaman-ի հետ զրույցում նշել է, որ հայկական հարցը հնարավոր կլինի լուծել ոչ թե Էրդողանի հայտարարության նման մեկ կամ երկու հայտարարությունների միջոցով, այլ՝ կազմակերպված լոբբիի։