ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում, բայց եթե հնարավորություն ունենար, ինքն էլ բիզնես կունենար։
«Աստված ձեր ձայնը լսեր, ու բիզնես ունենայի, ձեզ էլ եմ մաղթում, բոլորիդ: Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, դրանից բան էլ չեմ հասկանում ու անհարմար վիճակում եմ դրանից», – պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին՝ ասել է Սահակյանը։
Զուրաբյանը հիշեցրել էր, որ ՀՀ սահմանդրությունն արգելում է որևէ պատգամավորի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ նշելով, որ Սահակյանի անունը ևս կապում են տարբեր բիզնեսների, օրինակ՝ գծատերերի բիզնեսի հետ:
Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել է, որ օրենքը չի արգելում պարզապես բաժնետեր լինել։ «Դա գործունեություն չէ, նա պարզապես ներդրումներ է արել՝ մասնակից դառնալու տնտեսական համակարգին»,- ասել է Գալուստ Սահակյանը:
«Ամեն մարդ պետք է տնտեսության զարգացման գործոն դառնա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել էր։ «Ժառանգության» թեկնածու Ռուբեն Հակոբյանն իր թեկնածությունը հանել է: