Home / Հայաստան / Այսպիսի Պուտինով Ադրբեջանը Ղարաբաղը չի վերադարձնի՝ անգամ ՆԱՏՕ-ի օգնությամբ․ Բելկովսկի

Այսպիսի Պուտինով Ադրբեջանը Ղարաբաղը չի վերադարձնի՝ անգամ ՆԱՏՕ-ի օգնությամբ․ Բելկովսկի

Հետխորհրդային տարածքի այն ձևը, որը ստեղծվել է 1991 թ․-ին, կդադարի գոյություն ունենալ։ Մի կողմից կլինի «Աշխարհի հատուկ շրջանը», նույն ինքը՝ «ռուսական աշխարհը»՝ ներկայիս ՌԴ-ն + միացված տարածքներն ու արբանյակները։ Մյուս կողմից՝ մնացած բոլոր երկրները, որոնք կապված են ազդեցության այլընտրանքային կենտրոնների, ու, մեծ հաշվով, թշնամական են «աշխարհի հատուկ շրջանի» համար։ Ադրբեջանական Vesti.az կայքի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ ու հրապարակախոս Ստանիսլավ Բելկովսկին։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք թարգմանաբար․

– Ստանիսլավ, ուկրաինական ԶԼՄ-ներին արած Ձեր հայտարարությունում նշել էիք, որ Ղրիմից հետո, Պուտինը Ղարաբաղի գրավման գործընթաց կսկսի։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հարցնել՝ Պուտինի ինչի՞ն են պետք Ադրբեջանի օպուպացված տարածքները։

– Այժմ Պուտինը զբաղվում է բացառապես Ուկրաինայով։ Նրա խնդիրն է՝ արդյունավետ վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Օդեսայի միջև գոտում՝ Մերձդնեստրի անկախության ճանաչմամբ։

Եթե դա հաջողվի, նա իր հայացքը կգցի հետխորհրդային մյուս տարածքներին։ Կարծում եմ՝ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու այնտեղ զորքի սահմանափակ կոնտինգենտ կմտցնի։ Հաղթանակի զգացողությունից բացի, նա, զուտ գործնական առումով, կարժանանա նաև ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի աջակցությանը։

Հատկապես, ԱՄՆ-ում, Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ հայկական սփյուռքը կարևոր ներքաղաքական գործոն է։

– Ստացվում է՝ Պուտինն այսքան ժամանակ ձևացնո՞ւմ էր, թե շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

– Ոչ։ Պարզապես մենք գործ ունենք մեկ այլ Պուտինի հետ։ Նա այն չէ, ինչ՝ անցյալում։ Պուտին 2-ի հետ։ Մի Պուտինի հետ, ում ռազմավարությունը որակապես փոփոխվել է։ Նա այլևս չի պատրաստվում ընկերություն անել Արևմուտքի հետ ու երաշխավորել ռուսաստանյան էլիտայի շահերը Արևմուտքում, ինչով զբաղված էր 2000-ից 2013 թթ-ին։ Նա մտադիր է Ռուսաստանը վերածել «աշխարհի հատուկ շրջանի»՝ ճանապարհին հավաքելով նախկին ԽՍՀՄ-ի այն հատվածները, որտեղ նրա ազդեցությունն այսօր էլ մեծ է։

Ռուսաստանյան էլիտան, ի դեպ, այդ առումով արդեն աստիճանաբար սկսում է խուճապի մեջ ընկնել։ Պուտինը, սակայն, նրանց այլևս չի լսում։ Նա միայն ինքն իրեն է լսում ու ապավինում Ռուսաստանի բնակչության ճնշող մեծամասնության (80%+) աջակցությանը։ Կարելի է ասել՝ Ռուսաստանում նախագահը փոխվել է․ 2000 թ․-ի մոդելի խարխուլ Պուտինին փոխարինելու է եկել 2014 թ․-ի նոր մոդելի Պուտինը։ Ու մենք միայն հիմա ենք սկսում հասկանալ այդ փոխակերպման ամբողջ խորությունը։

– Իսկ Ադրբեջանին ի՞նչ է սպասում, եթե Բաքուն չհամաձայնի Պուտինի եվրասիական պայմաններին։

– Պուտինը Ադրբեջանի դեմ չի պատերազմի, դա անիմաստ է։ Պարզապես սառը խաղաղություն կլինի՝ Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչման ֆոնին։ Իսկ ահա Հայաստանը կմիանա Մաքսային միությանը։ Պուտինը ելնում է նրանից, որ Ադրբեջանը միայնակ ի վիճակի չի լինի փոխել այդ իրավիճակը, իսկ Թուրքիան չի պատերազմի։ ԱՄՆ-ն՝ առավել ևս, հատկապես՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի գործոնը։

Հատկանշական է, որ իր ներկայիս գործողությունների ամբողջ ծայրահեղականությամբ հանդերձ, Պուտինը ձգտում է խուսափել արյունահեղությունից։ Նա ընդունում է միայն այնպիսի որոշումներ, որոնք չեն հանգեցնի մեծ պատերազմի՝ բազմահազար զոհերով։ Ի դեպ, կարծում եմ, որ Հայաստանից ու ԼՂՀ-ից հետո նրան կհետաքրքրի Լատվիան՝ որպես «թույլ օղակ» Բալթյան երկրների շրջանում։

Լատվիան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է, հետևաբար այնտեղ Ռուսաստանի ուժային միջամտությունն անհնարին է։ Խոսքը կվերաբերի քաղաքական իշխանության գրավմանը՝ Կրեմլին հավատարիմ լատվիացի քաղաքական գործիչների միջոցով։

– Այս իրավիճակում Ադրբեջանն ի՞նչ պետք է անի։ Միանա ՆԱՏՕ-ի՞ն։ Բայց կարծես՝ մենք ՆԱՏՕ-ին պետք չենք․․․

– Եթե նայենք Ադրբեջանի տեսանկյունից, ապա պետք է անհապաղ միանալ ՆԱՏՕ-ին։ Բայց Ռուսաստանին ակնհայտորեն դիմակայելն էլ ձեռնտու չէ։ Սառը պրագմատիկ քայեր են պետք, այլ ոչ՝ խիզախություններ։

– Ու ՆԱՏՕ-ն Ղարաբաղը կվերադարձնի Ադրբեջանի՞ն։

– Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում այդ հարցը կբարձրացվի գործնական հարթությունում։ Հատկապես, եթե Ռուսաստանը պաշտոնապես ճանաչի ԼՂՀ-ն։ ՆԱՏՕ-ն պետք է Ադրբեջանի պաշտպանության համար, այլ ոչ՝ Ղարաբաղի վրա հարձակման։

– Դա Ադրբեջանի համար պատճառ չի՞ դառնա Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար։

– Ես մի հարց ունեմ՝ ո՞վ է պատերազմելու։ Այս հարցն այսօր հնչում է Ուկրաինայում, բայց կիրառելի է նաև ամբողջ հետխորհրդային տարածքում։

– Ինչպե՞ս թե՝ ով։ Թուրքիան Ադրբեջանի կողմից չի՞ պատերազմի։

– Քաղաքականապես ու տնտեսապես՝ իհարկե։ Հարցն այն է՝ թուրքական բանակը պատրա՞ստ է հարձակողական պատերազմի, հատկապես, եթե հակառակ կողմում Ռուսաստանն է։ Չեմ կարծում։