Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին գործադիրը ներկայացել էր գրեթե պատրաստ նոր կազմով: Նիստը առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցուպատասխանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրել է՝ արդյոք նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է բացահայտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժառանգած սկանդալային պատմությունները՝ օֆշորային սկանդալը, Որոտանի վաճառքի հարցը, գազային պայմանագրերի վավերացումը և կուտակային համակարգի ծրագիրը: Մանուկյանը հիշեցրել է, որ նոր վարչապետին Սերժ Սարգսյանը հորդորել էր չզբաղվել քննադատությամբ:
Պատասխանելով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իր սկզբունքը թափանցիկ կառավարումն է:
«Ես պատասխանատվություն վերցնող եմ և գիտակցելով եմ համաձայնել այդ պաշտոնը ստանձնել: Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ, սակայն համաձայն չեմ «սկանդալներ» կամ այլ ձևակերպումների հետ: Ես աշխատելու եմ թափանցիկ»,- ասել է Աբրահամյանը:
Նա կոչ է արել ընդդիմությանը համագործակցել կառավարության հետ, սակայն ոչ ուլտիմատումների լեզվով:
Վարչապետը հիշեցրել է, որ ՀԱԿ-ը մերժել էր մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր նախաձեռնած քննարկումներին, թեև այդ առաջարկը դեռ մնում է ուժի մեջ:
«Մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք, ավելի լավ է քիչ գրել, շատ անել, անձնական ամբիցիաները թողնենք մի կողմ: Մեր երկրի առջև ծառացած են շատ խնդիրներ»,- ասել է Աբրահամյանը: