«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն առաջին անգամ հրապարակել է «100 տեղեկատվական հերոսներ» անունը կրող ցուցակը՝ նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան (մայիսի 3)։ Ցուցակում ընդգրկված են հասարակության իրազեկման գործում ամենամեծ ներդրումն ունեցած 100 լրագրողներ, բլոգերներ ու քաղաքացիական ակտիվիստներ աշխարհի 65 երկրներից։
«Իրենց խիզախ աշխատանքի ու գործունեության շնորհիվ այս «100 հերոսները» խթանում են տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը՝ անկախ պետական սահմաններից։
Այս տեղեկատվական հերոսները ոգեշնչման աղբյուր են ազատության ձգտող բոլոր մարդկանց համար։ Առանց նրանց վճռականության՝ պարզապես անհնար կլիներ ընդլայնել ազատության տիրույթը»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
Ցուցակում տեղ են գտել երեք ադրբեջանցի լրագրողներ՝ «Թուրան» գործակալության թղթակից Մալահաթ Նասիբովան, «Ազադլիգ» («Ազատություն») թերթի խմբագիր և «Ադրբեջանական ժամ» հեռուստաալիքի հիմնադիր Հանիմաթ Զահիդը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Հադիջա Իսմայլովան։
Ցուցակում ընդգրկվել է նաև թուրք լրագրող, «1915․ Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Քեմալը, ով մշտապես հետապնդումների ու ատելության խոսքի է արժանանում Թուրքիայի իշխանությունների կողմից՝ հայ-թուրքական խաղաղարար գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
Հերոսների շարքում են նաև երեք ռուսաստանցի լրագրողներ, այդ թվում՝ Սվետլանա Ռեյտերը, ով 2013 թվականին արժանացել է «ՊոլիտՊրոսվետ» քաղաքական լրագրության մրցանակին «Բոլոտնայա»-ի գործի լուսաբանման համար։ Ռեյտերը նաև հոդված էր գրել ռուս ազգայնականների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդի ու նրան օգնության հասած ոստիկանների մասին՝ նշելով, որ «մամուլում պատկերված արյունահեղությունից և ատելությունից բացի, կան նաև պատմություններ «արժանապատվության, հույսի և բարեկամության» մասին»։
«100 տեղեկատվական հերոսներ» ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ։