2013 թվականին իրենց պարտականությունները կատարելիս ամբողջ աշխարհում սպանվել է 71 լրագրող։ Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում։
Լուսաբանման համար ամենավտանգավոր վայր կրկին ճանաչվել է Սիրիան, որտեղ սպանվել է 10 լրագրող։ Սիրիային, ուր արդեն երկու տարի է՝ չեն դադարում արյունահեղությունները, հետևում են Սոմալին ու Պակիստանը։ Բացի անմիջական կոնֆլիկտային գոտիներից, առաջին հնգյակում են հայտնվել Հնդկաստանն ու Ֆիլիպինները։
Կազմակերպությունը նշում է, որ առավել հաճախ իրենց կյանքը վտանգում են տպագիր մամուլի ներկայացուցիչները՝ 37%, նրանց հետևում են ռադիոյի և հեռուստատեսության թղթակիցները։ Սպանվածներն առավելապես տղամարդիկ են (96%)։
Ներկայումս 178 լրագրող աշխարհի տարբեր մասերում գտնվում է ազատազրկան մեջ։ Այստեղ առաջատարը կրկին Սիրիան է, որին հետևում են Չինաստանը, Իրանը, Թուրքիան։
Անցնող տարում ավելի քան երկու անգամ աճել է առևանգված լրագրողների թիվը։ Այս երևույթն ամենաշատը տարածված է Հյուսիսային ու Արևադարձային Աֆրիկայում։
2013-ը՝ թվերով
Սպանված լրագրողներ՝ 71 (-20%)
Ձերբակալված լրագրողներ՝ 826 (-6%)
Սպառնալիքների կամ ֆիզիկական հարձակումների ենթարկված լրագրողներ՝ 2160 (+9%)
Առևանգված լրագրողներ՝ 87 (+129%)
Իրենց երկրից փախուստի դիմած լրագրողներ՝ 77 (+5%)
Սպանված ցանցային և քաղաքացիական լրագրողներ՝ 39 (-17%)
Ձերբակալված ցանցային լրագրողներ ու բլոգերներ՝ 127 (-12%)
Սպանված լրագրողներ․
39%-ը՝ պատերազմական գոտում
8%-ը՝ արտահաստիքային
4%-ը՝ կին լրագրողներ
ԶԼՄ տեսակները․
Տպագիր՝ 37%
Ռադիո՝ 30%
Հեռուսատեսություն՝ 30%
Կայք՝ 3%