Home / Տեսանյութեր / ԶԼՄ-ների անկախությունը խնդիր է․ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը 78-րդն է

ԶԼՄ-ների անկախությունը խնդիր է․ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը 78-րդն է

Տարբեր երկրներում ծավալվող հակամարտությունները բացասաբար են ազդել մամուլի ու լրագրողների ազատության վրա։ Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատությանը վերաբերող զեկույցում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ մի շարք երկրներում, չարաշահելով ազգային անվտանգության կարիքները, խախտվել է տեղեկացնելու ու տեղեկացված լինելու իրավունքը։ Այս միտումը զարգացող սպառնալիք է ամբողջ աշխարհում ու վտանգում է տեղեկատվության ազատությունն անգամ ժողովրդավարական համարվող երկրներում։

Կազմակերպության ներկայացուցիչները վերլուծել են իրավիճակը 180 երկրներում։ ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, առանձնացված են «Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա» ենթաբաժնի մեջ։

Ենթաբաժնի առաջատարներն անցած տարվա համեմատ անփոփոխ են։ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ղրղզստանը բնութագրվում են որպես զգալի բազմակարծությամբ ու պետական գրաքննության համեմատաբար ցածր մակարդակով երկրներ։

«Հասարակության շերտերի ուժեղ բևեռացումը, սակայն, արտացոլվում է նաև լրատվամիջոցների դաշտում ու ազդում լրագրողների աշխատանքային մթնոլորտի վրա։ ԶԼՄ-ների քաղաքական կողմնորոշումը զգալիորեն փոխկապակցված է դրանց սեփականատերերի անձերի հետ, հետևաբար, խմբագրությունների անկախությունն ապահովելը մեծ խնդիր է», – 4 երկրների մասին գրում են հեղինակները։

Զեկույցի համաձայն՝ Վրաստանում ու Հայաստանում 2013 թվականի ընտրությունները նախորդ տարիների համեմատ ավելի հանգիստ մթնոլորտում են անցել ու լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը շատ չեն եղել։

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 4 կետով անկում գրանցել է, այդուհանդերձ, զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը, մամուլի ազատության տեսանկյունից առաջատարն է Հարավային Կովկասում։

Վրաստանը գտնվում է 84-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 148-րդ, Թուրքիան՝ 154-րդ, Ադրբեջանը՝ 160-րդ, Իրանը՝ 173-րդ։

Աշխարհում մամուլի ազատության տեսանկյունից առաջատար տասը երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան։

Վարկանշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։