Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին զրկում են իրազեկ լինելու և իրենց կենսագործունեության համար կարևորագույն ոլորտի որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից։ Այս խնդրին անդրադարձ է կատարվել «Երևանը կոմայի մեջ է» ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջը հարթակ է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացահայտել և ֆիքսել առօրյա իրականության քողարկված և խնդրահարույց կողմերը։
Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես են գովազդային պաստառները ծածկել բազմաբնակարան շենքի բնակիչների համար կարևորագույն տեղեկատվությունը։ Այս երևույթը համատարած բնույթ է ստացել ամբողջ քաղաքում, ինչի մասին են վկայում երևանցիների արձագանքները տեսանյութին։ Այն, ըստ հեղինակի, քաղաքի բնակիչներին հուշում է, թե ինչպես պետք է նվաճել իրազեկ լինելու իրավունքը:
Հարկ է նշել, որ խոսքը թաղապետարանների կողմից վերելակներում տրամադրվող գովազդային տարածքների մասին չէ։ Դրա դիմաց համայնքի ղեկավարությունը գումար է ստանում գովազդատուից կամ միջնորդ ընկերությունից, ինչը հաճախ չի ազդում, օրինակ, վերելակների որակի վրա։ Այս խնդիրը ևս հայտնվել է «Երևանը կոմայի մեջ է» նախաձեռնության ուշադրության կենտրոնում։