Home / Հայաստան / ՌԴ դեսպանը հայերին սովորեցնում է պայքարել ՀԿ-ների դեմ ու բողոքում որոշ ազգերի ֆաշիզմից

ՌԴ դեսպանը հայերին սովորեցնում է պայքարել ՀԿ-ների դեմ ու բողոքում որոշ ազգերի ֆաշիզմից

Ռուսաստանի հայերի շրջանում մեծ տարածում ունեցող «Նոյյան տապան» (Ноев Ковчег) ռուսալեզու թերթի հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը քննադատում է ԽՍՀՄ որոշ ազգերի, խոսում անպետք հասարակական կազմակերպությունների դեմ ռուսաստանյան պայքարի փորձի, Հայաստանում ռուսաստանյան տեղեկատվական ներկայության ընդլայնման անհրաժեշտության, քարոզչության ակտիվացման ու Ղարաբաղի համար Ղրիմի նախադեպի մասին։ Դիվանագետի հետ զրուցել է լրագրող Նատալյա Օհանովան, ում հարցերը բովանդակության տեսակետից համահունչ էին դեսպանի կարծիքների հետ, իսկ որոշ դեպքերում անգամ ավելի ծայրահեղական դիրքորոշում ունեին։

Հոդվածի մի մասը ներկայացնում ենք թարգմանաբար․

– Հայաստանում երկար տարիներ գործում են տասնյակ օտարերկրյա հասարակական կազմակերպություններ գրանտային բովանդակությամբ, որոնք քարոզում են եվրոպական արժեքներ, իսկ երբեմն՝ բացահայտորեն հակառուսաստանյան քարոզչություն վարում։ Ձեզ չի՞ թվում, որ Ռուսաստանը պետք է ավելի լուրջ զբաղվի հայ-ռուսական հարաբերությունների քարոզչությամբ՝ պատասխան հարված հասցնելով նրանց, ովքեր սեպ են խրում այդ հարաբերություններում։

– Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի այստեղ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում որևէ կասկած չկա: Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ների չեզոքացմամբ, սակայն, հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել: Ռուսաստանում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ վերահսկում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանին: (Նշված ռուսաստանյան օրենքը յուրաքանչյուր հասարակական գործունեություն սահմանում է որպես քաղաքական ու պահանջում, որ արտասահմանից գումարներ ստացող անկախ ՀԿ-ները որակվեն «օտարերկրյա գործակալներ»՝ արտահայտություն, որը դավաճանության ակնհայտ երանգ է կրում – Epress.am)։

– Հավանաբար, այդ առումով պետք է նաև ուժեղացնել տեղեկատվակա՞ն քարոզչությունը։

– Համաձայն եմ։ Ցանկալի կլիներ տեղեկատվական ոլորտում ավելի սերտ կապեր պաշտպանել, որպեսզի ռուսաստանցիները Հայաստանի մասին ավելի տեղեկացված լինեին․ ինչպես է ապրում, ինչով է հարուստ, ինչ կարելի է տեսնել այնտեղ։ Նմանապես, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան՝ ինչ է կատարվում Ռուսաստանում։ Տեղեկատվական ներկայությունը պետք է զարգացվի հենց այս տեսանկյունից։ Այս առումով, յուրաքանչյուր տեղեկատվական հարթակ օգտակար է։ Պետք է գործի դրվեն բոլոր այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք իրենց ընթերցողներին ճշգրիտ տեղեկություն են հասցնում։

– Խորհրդանշական է, որ Ձեր նշանակման օրը համընկել է ֆաշիզմի նկատմամբ Մեծ Հաղթանակի տոնական օրվա հետ, որը թե Ռուսաստանում, թե Հայաստանում միշտ նշվել է հատուկ ճոխությամբ։ Անձամբ Ձեզ համար գեորգևյան ժապավենն ի՞նչ նշանակություն ունի։

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար դա կարևոր իրադարձություն է։ Սա տոն է, որը կապված է ֆաշիզմի, շագանակագույն ժանտախտի նկատմամբ հաղթանակի հետ, որի արտահայտումները մենք, ցավոք, այսօր տեսնում ենք նախկին ԽՍՀՄ-ի որոշ շրջաններում։ Խորհրդային միության ժողովուրդները ֆաշիզմի դեմ միասնական ճակատով էին պայքարում, իսկ հիմա նրանցից ոմանք ձևացնում են, թե սարսափելի ոչինչ տեղի չի ունենում։ Օրինակ, Ուկրաինայում բանդերովշչինայի լայն տարածվածությունը։ Պետք է, ինչպես ասում են, ամբողջ աշխարհով պայքարել այդ երևույթների դեմ․․․

– Ցավոք, հետխորհրդային անկախության առաջին տարիներին ԱՊՀ մեծ թվով պետություններ փորձեցին այդ տարեթիվը ջնջել իրենց անցյալից։ Բալթյան երկրներում, ինչպես նաև ավելի մոտ գտնվող Ուկրաինայում այսօր նկատվում է նոր ֆաշիստների ու բանդերովցիների կողմից իրենց հայրերի ու պապերի հերոսական անցյալի մերժում։ Ինչպե՞ս երիտասարդ սերունդին հասկացնել, թե իրենց այսօրվա ճակատագրի համար ինչ նշանակություն ունի Հայրենական Մեծ պատերազմը, Հաղթանակի օրը։

– Դա, հավանաբար, քարտեզի վրա նոր հայտնված երիտասարդ պետությունների հիվանդությունն է։ Բայց պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Չիմանալով ու չհարգելով պատմությունը՝ չի կարելի խոսել ապագայի մասին։ Կարծում եմ, որ բոլոր խելամիտ մարդիկ գիտակցում են, թե ֆաշիզմի նկատմամբ այդ հաղթանակն ինչ էր նշանակում։ Իսկ երիտասարդությանն այս սուրբ տոնի խորհուրդը սովորեցնելու համար, բնականաբար, պետք է զբաղվել հայրենասիրական դաստիարակությամբ, պետք է որքան հնարավոր է շատ խոսել ԽՍՀՄ ժողովուրդների հերոսությունների մասին, բացատրել՝ այն ինչ էր նշանակում աշխարհի ժողովուրդների համար, թե նրանց ազատագրումն ինչ արժեք ուներ։ Այո, իսկապես, աշխարհում կան ուժեր, որոնք ձգտում են արժեզրկել Ռուսաստանի դերը Երկրորդ Համաշխարհային պատերազմում։ Հետևաբոր, մենք պետք է ավելի ակտիվորեն խոսենք այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է ֆաժիզմի ոչնչացման հարցում որոշիչ ներդրում ունեցել։ Երիտասարդությանը պետք է դաստիարակել հենց այս ուղղությամբ։

– Ղրիմի հանրաքվեի արդյունքը վերականգնեց Ռուսաստանի պատմական ամբողջականությունը։ Ի՞նչ եք կարծում՝ Ղրիմը կկարողանա՞ Ղարաբաղի համար նախադեպ դառնալ։

– Գիտեք, այդ հարցին պատասխանելն այնքան էլ հեշտ չէ։ Պետք է, հավանաբար, ելնել նրանից, որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք։ Ու հարցը՝ արդյոք այն կկարողանա ինքնուրույն ինքնորոշվել, անկախություն ստանալ, կախված է հստակ պատմական պայմաններից։ Չէ որ Ռուսաստանը չէր ձգտում ամեն եղանակով վերադարձնել Ղրիմը։ Պարզապես, տվյալ պահին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հնարավոր չէր՝ ռուսաբնակ Ղրիմը ղեկավարվեր բանդերովցիների, ֆաշիստական տարրերի կողմից։ Մենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին։ Հետևաբար, բարդ է գուշակել՝ ինչ ու ինչպես կլինի։ Բայց, այնուամենայնիվ, նախադեպը կա։