հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ամերիկացի դիվանագետի թվիթը ՌԴ դեսպանի խոսքերից մտահոգիչ է. Աշոտյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի դիվանագետի թվիթը ՌԴ դեսպանի խոսքերից մտահոգիչ է. Աշոտյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ազատ է իր գործունեության մեջ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը։ Դեսպանը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: «Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ների չեզոքացմամբ, սակայն, հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել: Ռուսաստանում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ վերահսկում է ՀԿ-ների գործունեությունը»,- մասնավորապես, ասել էր Վոլինկինը։

Սերգեյ Մանասարյանը դժվարացել է դեսպանի խոսքերին գնահատական տալ։ «Եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների մասին, չեմ կարծում, թե դա միջամտություն կգնահատվի։ Դեսպանը հայտնեց իր կարծիքը և իր պատասխանը ստացավ», – նշել է նա։

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՌԴ դեսպանի հայտարարությունից առավել մտահոգիչ է համարել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ով Թվիթերում մեջբերումներ էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ելույթից։  

«Հատկապես Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի ամբողջ հայտարարությունից հետո թվիթ անել միայն այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներին, պետք է ասեմ՝ ոչ պակաս, եթե չասեմ շատ ավելի բուռն արձագանքներ պիտի առաջացներ։ ՌԴ դեսպանի հարցազրույցին ԱԳՆ-ից արձագանք եղել է, ես էլ եմ այն կարծիքի, որ ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները գնալով ավելի մեծ դեր են ունենում, դրանց զգալի մասը իրականում պետականամետ ու հայաստանամետ է, ակնհայտ է, որ կան կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով, սակայն օրենսդրական դաշտի խախտումներով գործող ՀԿ ես այս պահին Հայաստանում չգիտեմ։ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի վերջին հայտարարությանը, ապա կհայտնեմ անձնական կարծիքս՝ կարծում եմ, որ ՀՀ իշխանության և ընդդիմության թիվ մեկ խնդիրը այսօր պետք է լինի թույլ չտալ Հայաստանը, մասնավորապես, ԼՂՀ-ի հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի նոր օջախ, և Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա սրված փուլը՝ Ուկրաինայի առիթով, չպետք է թույլ տանք, որ տարածվի Ղարաբաղի վրա», – ասել է Աշոտյանը։