Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը չի նշանակում, որ այն անկախ կազմավորում կդառնա։ Այս մասին Haqqin.az-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից երեկ ներկայացված ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականության դրույթները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ալիզադեի խոսքով՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունն ուշադիր հետևելու են կազմավորմանն ու նրան, թե ինչպես է Ղարաբաղը կատարում միջազգային օրենքները, հավատարիմ մնում ժողովրդավարական նորմերին ու մարդու իրավունքներին, ապահովում ադրբեջանական և հայկական համայնքների համատեղ ապրելը և այլն։ «Միայն դրանից հետո այդ երկրները կորոշեն՝ արդյոք այդ կազմավորումը կարող է ինքնուրույն ապրել, թե՝ ոչ»,- նշել է նա։
«Հնարավոր է նաև, որ Ղարաբաղին առանձին կարգավիճակ ընդհանրապես չտրվի։ Այս բոլոր հարցերը երկար ժամանակ արդեն մշակվում էին, ու որևէ նոր բան չկա։ Մենք, փաստորեն, ոչինչ չենք կորցնում։ Վերադարձնում ենք բոլոր օկուպացված տարածքները, իսկ մեր մարդկանց՝ Շուշի ու Ղարաբաղի մյուս քաղաքներ, որտեղ նրանք ապրում էին հակամարտությունից առաջ»,- հավելել է Ալիզադեն։
Խոսելով Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին՝ քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանին ձեռնտու չեն ոչ ռուսաստանցի, ոչ ամերիկացի խաղաղապահները․ «Կարծում եմ՝ հիմնական բարդ բանակցություններն այս հարցի շուրջ են լինելու»,- ասել է նա։
Հայաստանցի հասարակական գործիչ Արա Նեդոլյանը կարծում է, որ ամերիկյան դիվանագիտության կողմից առաջարկվող 6 սկզբունքները դեռևս «խակ» են ու կոնֆլիկտի լուծման, խաղաղության հաստատման հստակ հեռանկար չեն տալիս: «Ֆեյսբուքի» իր էջում Նեդոլյանը գրում է․ «Առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են ԼՂ վերջնական կարգավիճակի մասին: Հարց՝ ինչպե՞ս են պայմանավորվում, եթե դիրքերը տրամագծորեն հակառակ են, Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ-ն պետք է մնա իր կազմում, մեր համար դա անընդունելի է:
Մնացած կետերը այս հակասության դիմաց արդեն իմաստազրկվում են, բայց ունեն նաև ներքին հակասություններ՝ մասնավորապես, իմաստազուրկ է դառնում ՀՀ և ԼՂ միջև անվտանգ ցամաքային կապի ապահովման մասին կետը, եթե Լաչինի ու Քելբաջարի շրջանները ամբողջությամբ չեմ մնում հայկական կողմի վերահսկողության տակ։
Անիմաստ է նաև տեղահանված անձանց վերադարձի մասին կետը, նշածս պատճառներով ադրբեջանցիք չեն կարող վերադառնալ Լաչին ու Քելբաջար, չեն կարող վերադառնալ նաև Շուշի /այն արդեն վերաբնակեցված է/ կամ Խոջալու, որը պարզապես չկա, իսկ ո՞ւր պետք է վերադառնան Շահումյանի ու Գետաշենի հայ բնակիչները, եթե դրանք չեն ընդգրկվում ԼՂ կազմ:
Անիմաստ է նաև խաղարարար զորքեր մտցնելու մասին կետը, որովհետև եթե կողմերը հաղթահարեն վերոնշված հակասությունները և հստակ գնան հաշտության ճանապարհով, ապա խաղարար զորքերը բացարձակապես պետք չեն, որևէ խնդիր չունեն լուծելու, իսկ արտասահմանյան զորքերի մուտքը անկախ պետությունների տարածք ինքնին ապակայունացնող հանգամանք է:
Եզրակացությունս՝ ոչ իրապաշտական սկզբունքներ, որոնք հաշտեցման հիմք ծառայել դեռ որ չեն կարող, ինչքան էլ [Սերժ Սարգսյանը] գաղտնի հավանություն տված չլինի, մեզ դա բացարձակապես ոչ մի բանով չի պարտավորեցնում»:
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով՝ Բաքուն պետք է համաձայնի Ուորլիքի հնչեցրած սկզբունքների հետ, քանի որ «մեզ ոչ ոք ոչինչ այլևս չի առաջարկելու»։ «Այդ բոլոր հարցերն արտացոլված են մադրիդյան սկզունքներում, ու ոչ մի նոր բան չկա։ Եթե ժամանակին չխանգարեին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն էր այդ տարբերակի հետ։ Եթե ԱՄՆ-ն սկզբունքային լինի, միգուցե, նրանց մոտ ինչ-որ բան ստացվի»։
Միևնույն ժամանակ, Գուլուզադեն դեմ է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան և ամերիկյան խաղաղարար զորքերի տեղակայմանը․ «Ուկրաինական դեպքերից հետո ռուսաստանցի խաղաղապահներին հավատալը նույնն է, ինչ ինքդ քեզ չհարգես, իսկ ամերիկացիներն իրենց լավ չդրսևորեցին Կոսովոյում։ Կարծում եմ՝ մենք այս հարցում պետք է պաշտպանենք մեր սեփական շահերը»,- նշել է նա։